«Ջուլյետան» Ալմոդովարի 20-րդ ֆիլմն է և նկարահանվել է կանադացի կին գրող Էլիս Մանրոյի երեք պատմվածքների հիման վրա։
Իսպանական կինոյի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը՝ Պեդրո Ալմոդովարը վերջերս ներկայացրել է իր նոր հոգեբանական դրաման՝ «Ջուլյետա» ֆիլմը, որը նրա յուրատեսակ վերադարձն է կանանց թեմատիկային՝ «Ամեն ինչ իմ մոր մասին», «Կանայք նյարդային ցնցման եզրին» և այլ ֆիլմերից հետո։ Կինոքննադատները, ովքեր Ալմոդովարի «Մաշկը, որի մեջ ապրում եմ» և «Ես շատ բորբոքված եմ» ֆիլմերից հետո շտապում էին կանխագուշակություններ անել ռեժիսորի ստեղծագործական ճգնաժամի և ժանրային էքսպերիմենտներին հարկադրված դիմելու մասին, հավանաբար թեթևացած շունչ քաշեցին՝ տեսնելով, որ նա վերստին անդրադարձել է մարդկային պարզ ու հուզական հարաբերություններին։
«Ջուլյետան» Ալմոդովարի 20-րդ ֆիլմն է և նկարահանվել է կանադացի կին գրող Էլիս Մանրոյի երեք պատմվածքների հիման վրա։ Ֆիլմի հերոսուհի Ջուլյետան, ով վաղուց կորցրել էր իր միակ դստեր հետքը, փողոցում պատահաբար հանդիպում է նրա ընկերուհուն և տեղեկանում, որ դուստրը ողջ-առողջ է, ունի երեք երեխա, ապրում է իր երջանիկ ու խաղաղ կյանքով։ Այդ հանդիպումն ու տեղեկությունը տակնուվրա են անում Ջուլյետայի հոգին, քանի որ նա այլևս հույս չուներ, թե որևէ նորություն կիմանա իր անհետացած դստեր մասին։ Ջուլյետան իր զուգընկերոջ հետ միասին վերադառնում է այն տունը, որտեղ ժամանակին բնակվել էր դստեր հետ, և տրվում է անցյալի հիշողություններին՝ վերապրելով ու վերանայելով 30 տարվա վաղեմության իրադարձությունները։ Ֆիլմն այս տարի մասնակցել է Կաննի կինոփառատոնին և եղել է «Ոսկե արմավենու» հավակնորդ։