Անդրեյ Տարկովսկու մահվան 30-ամյա տարելիցի կապակցությամբ «Մոսֆիլմ» կինոստուդիան՝ Կարեն Շահնազարովի գլխավորությամբ, վերականգնել է այդ նույն կինոստուդիայում 1979թ-ին նկարահանված լեգենդար «Ստալկեր» ֆիլմը, որն էլ օրերս ներկայացվել է հանդիսատեսին։
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Վենետիկյան կլասիկա» մրցութային ծրագրի շրջանակներում ամեն տարի ցուցադրվում են վերականգնված տասնյակ դասական ֆիլմեր։ Ռուսաստանն այստեղ նախկինում արդեն ներկայացրել է «Ես քայլում եմ Մոսկվայով», «Իմ ընկեր Իվան Լապշինը», «Ալեքսանդր Նևսկի» հանրահայտ ֆիլմերը։ Այս տարի ժյուրիի դատին է հանձնվել Տարկովսկու վերականգնված «Ստալկերը», որը մրցակցել է Վուդի Ալենի «Մանհեթենի», Ակիրա Կուրոսավայի «Յոթ սամուրայների», Ռոբեր Բրեսոնի «Փողերի», Նիկիտա Միխալկովի «Սև աչերի» և այլ ֆիլմերի հետ։
«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը տեղեկացրել է, որ կինոստուդիայի ջանքերով արդեն իսկ վերականգնվել են Տարկովսկու «Հայելին», «Սոլյարիսը», «Անդրեյ Ռուբլյովը» և մյուս ֆիլմերը, բոլորը՝ բացի «Իվանի մանկությունից», որը 1962-ին նկարահանվել է դյուրավառ կինոժապավենի վրա և վերականգնման ենթարկվելու արդյունքում կարող է պարզապես ոչնչանալ։ «Մոսֆիլմի» տեխնիկական միջոցները, նրա խոսքերով, այս պահին հնարավորություն չեն տալիս իրականացնելու Տարկովսկու առաջին լիամետրաժ ֆիլմի վերականգնումը։
«Այս ֆիլմերը վերականգնվում են ապագա սերունդների համար։ Ի տարբերություն ֆիլմերի թվայնացման՝ ֆիլմերի վերականգնումը չափազանց աշխատատար և մեծ ֆինանսներ պահանջող գործընթաց է։ Էյզենշտեյնի «Իվան Ահեղի» վերականգնման համար պահանջվեց ավելի քան կես տարի և ծախսվեց 80 հզ դոլար։ «Ստալկերի» ծախսերը, իհարկե, ավելի համեստ էին՝ 40 հզ դոլար, քանի որ սա ավելի ուշ շրջանի ֆիլմ է։ Եվրոպայում, ի տարբերություն Ռուսաստանի, այսօրինակ ֆիլմերը բարձր են գնահատվում, անմիջապես հայտնվում են կինովարձույթում և հաճախակի ցուցադրվում են»,- ասել է Շահնազարովը։