«Երբեմն ինձ համար միևնույն է` ինչ պահել ձեռքերումս` թել ու ասեղ, գիրք, թե տղամարդ»:

ռեժիսոր՝ Միքելանջելո Անտոնիոնի
սցենարի հեղինակներ՝ Միքելանջելո Անտոնիոնի, Տոնինո Գուերա, Էլիո Բարտոլինի, Օտիերո Օտիերի
օպերատոր՝ Ջաննի դի Վենանցո
կոմպոզիտոր՝ Ջովանի Ֆուսկո
դերերում՝ Ալեն Դելոն, Մոնիկա Վիտի, Ֆրանսիսկո Ռաբալ, Լիլա Բրինիոնե, Ռոզանա Ռորի, Լուի Սենիե
արտադրությունը՝ Իտալիա, Ֆրանսիա, 1962թ
տևողությունը՝ 2ժ 5ր
Երիտասարդ թարգմանչուհի Վիտորիայի կյանքում այս կամ այն մարդկանց հետ հարաբերությունները փոխարինում են միմյանց, և թվում է, թե ոչինչ ի զորու չէ խարխլել նրա անտարբերությունը կատարվող իրադարձությունների ու փոփոխությունների հանդեպ։ Նա լքում է փեսացուին, իսկ որոշ ժամանակ անց ծանոթանում է մեկ այլ երիտասարդի՝ Պիեռոյի հետ։ Վերջինս գեղեցկատես է, աշխատում է ֆոնդային բորսայում և գործի բերումով շփվում է Վիտորիայի մոր հետ։ Սկիզբ է առնում հերթական սիրավեպը նրա կյանքում։ Կյանք, որը բաղկացած է հանդիպումներից, խոսակցություններից, կանանց ու տղամարդկանց մշտական, սակայն նաև խաբուսիկ ներկայությունից։ Նրանք և՛ կան, և՛ չկան։ Վիտորիան ապրում է իր կյանքի՝ ոչնչով չհիշվող և նախորդներից չառանձնացող տարիները։ Կյանք կամ հոգեվիճակ, որը նման է խավարման։ Ելքի հույս, որը չի գտնվում և, թերևս, չի էլ գտնվելու․․․
Օրիգինալ անվանումը` L'eclisse
Ժանրը՝ էքզիստենցիալիստական դրամա
Ժանրը՝ էքզիստենցիալիստական դրամա
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Այս ֆիլմը եզրափակում է Միքելանջելո Անտոնիոնիի, այսպես կոչված, «Օտարացման եռագրությունը», որ սկսվել էր «Արկած» (1960թ) և «Գիշեր» (1961թ) ֆիլմերով: Հետագայում Անտոնիոնին նկարահանեց «Կարմիր անապատ» (1964թ) ֆիլմը, որը երբեմն դիտարկվում է այս նույն շարքում:
- Ըստ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի՝ «Խավարման» եզրափակիչ յոթ րոպեներն ապացուցում են, որ կինոյի հնարավորություններն անսահմանափակ են: «Սա ավելի շատ պոեմ է, քան պատմություն»,- ասում է Սկորսեզեն իտալական կինոյի պատմությանը նվիրված «Իմ ճանապարհորդությունը դեպի Իտալիա» վավերագրական ֆիլմում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Ժյուրիի հատուկ մրցանակ՝ Կաննի միջազգային կինոփառատոնում:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ