«Ամենակարևորը աչքերով չես տեսնի...»:

ռեժիսոր՝ Միքելանջելո Անտոնիոնի
սցենարի հեղինակներ՝ Մարկ Փիփլոու, Փիթեր Ուոլեն, Միքելանջելո Անտոնիոնի, Միգել դե Էչարի
օպերատոր՝ Լուչիանո Տովոլի
կոմպոզիտոր՝ Իվան Վանդոր
դերերում՝ Ջեք Նիքոլսոն, Մարիա Շնայդեր, Ջենի Ռանեյքր, Յան Հենդրի, Սթիվեն Բերկոֆ
արտադրությունը՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, 1975թ
տևողությունը՝ 1ժ 59ր
«Մի կույր մարդու էի ճանաչում: Երբ 40 տարեկան էր` վիրահատեցին, և տեսողությունը վերականգնվեց: Ու ի՞նչ: Սկզբնական շրջանում երջանիկ էր: Շա՜տ: Դեմքեր, գույներ, լանդշաֆտներ: Բայց հետո ամեն ինչ սկսեց փոխվել: Աշխարհը շատ ավելի գորշ էր, քան առաջ էր պատկերացնում: Ոչ ոք երբևէ չէր ասել նրան, թե աշխարհում ինչքան կեղտ կա: Ինչքան գարշանք կա: Նա տեսնում էր դա, տեսնում էր ամենուր: Երբ կույր էր, փողոցն անցնում էր մենակ, ձեռնափայտով: Տեսողություն ձեռք բերելով` սկսեց վախենալ: Ստիպված էր ապրել մթության մեջ: Դադարեց լքել բնակարանը: Երեք տարի անց ինքնասպան եղավ»:Փիլիսոփայական ազգանվամբ լրագրող Դևիդ Լոքը գործնական այցով ժամանում է տոթ և փոշոտ աֆրիկյան անապատային մի քաղաք: Սեփական կյանքից բավարարված չլինելով, ցանկանալով ազատվել պարտականություններից, հանգամանքներից, սեփական անձից` Լոքը ցանկանում է դառնալ անտեսանելի: Հյուրանոցում հարևանին մեռած գտնելով` նա որոշում է օգտվել իրավիճակից և կեղծել սեփական մահը: Լոքն իրեն է վերագրում հանգուցյալի անունը` դառնալով Ռոբերթսոն, բայց չի էլ ենթադրում, թե ինչքան խորն է սեփական կյանքը սերտաճել ուրիշների կյանքի հետ: Հարազատները նետվում են նրան գտնելու, նրանց են միանում նաև նոր կյանքի գործող անձինք, և Ռոբերթսոն-Լոքին ինքն իրենից լիակատար ազատագրում կարող է տալ լոկ մահը...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել ստուդիայից դուրս` Չադում, Ալժիրում, Լոնդոնում, Մյունխենում և Իսպանիայում:
- Անգլիալեզու երկրներում ֆիլմը հայտնի է «Ուղևորը» (The Passenger) անվանմամբ:
- Դանիական «Բոդիլ» մրցանակ` տարվա լավագույն եվրոպական ֆիլմի համար: