«Երբ ես սցենար եմ գրում, իմ գլխում արդեն պատրաստ է ամբողջ ֆիլմը»։ Տակեշի Կիտանո
Ամերիկացի քննադատ Կարսոն Ռիվզի խորհուրդները սկսնակ սցենարիստներին
ինչպես հասնել պրոֆեսիոնալիզմի և խուսափել առավել հաճախ կրկնվող սխալներից․ 10 պատճառ, որոնք սցենարը դարձնում են ձանձրալի ու անհետաքրքիր
Պատճառ առաջին․ ձեր ֆիլմի սյուժեն ինքնին հետաքրքիր չէ
Թվում է՝ պատճառն ակնհայտ է, բայց, այդուհանդերձ, այն ամենաշատն է անտեսվում։ Հեղինակները մշտապես կառչում են ձանձրալի գաղափարներից։ Նրանք փորձում են գրել այն մասին, թե ինչպես է տղամարդը փորձում հաղթահարել մոր կորստի ցավը։ Կամ՝ ինչպես է կինն ուղևորվում որևէ վայր և ճանապարհին նրա համար բացահայտվում է կյանքի իմաստը։ Այդ ամենն արդեն եղել է։ Դա չի գրավի հանդիսատեսին։ Անհրաժեշտ է թարմ ու ինքնատիպ գաղափար, այլապես ոչինչ չի ստացվի։ Այդ իսկ պատճառով նախքան սցենար գրելը փորձեք ձեր մտահղացման մասին պատմել առնվազն տասը մարդու։ Եթե ոչ ոք հետաքրքրություն չցուցաբերի, ուրեմն՝ ավելի լավ է փնտրեք առավել գրավիչ սյուժե։ Եվ նույնիսկ կարևոր չէ՝ լա՞վ եք շարադրում, թե՞ ոչ, որովհետև վատ գաղափարը միշտ հանգեցնում է վատ սցենարի։
Պատճառ երկրորդ․ մի քանի տեսարաններում կրկնվում է միևնույն գաղափարը
Սկսնակ սցենարիստները հաճախ օգտագործում են 4-5 տեսարան, որպեսզի բացահայտեն միևնույն միտքը, իսկ պրոֆեսիոնալները բավարարվում են միայն մեկ տեսարանով, որը պատմությանը հաղորդում է աշխուժություն և սյուժեն դարձնում է գրավիչ։ Օրինակ՝ գլխավոր հերոսը վախենում է մարդկանց հետ մտերիմ շփումից․ ցուցադրեք այն տեսարանը, որտեղ նա արտահայտում է իր հույզերը։ Պետք չէ ստեղծել ևս մի քանի իրավիճակ, որտեղ այլ հանգամանքներում կարտացոլվի նրա միևնույն հատկությունը։ Սա չի նշանակում, թե այդ խնդրին պետք չէ վերադառնալ ամբողջ գործողության ընթացքում, բայց պետք չէ նաև շարադրել այդ խնդրի վրա կառուցված ևս մեկ նույնանման իրավիճակ։ Այս սխալը հաճախ է կրկնվում անփորձ սցենարիստների աշխատանքներում, կրկնվում է նորից ու նորից, թեպետ ամեն ինչ արդեն հասկանալի էր առաջին իսկ տեսարանում։ Առավել կարևոր է սյուժեն շարունակաբար առաջ մղելն ու զարգացնելը։
Պատճառ երրորդ․ հետաքրքիր, ուժեղ, վառ հերոսի բացակայությունը
Սա լուրջ խնդիր է։ Գլխավոր հերոսն այն մարդն է, ում հանդիսատեսը հետևում է ողջ ֆիլմի ընթացքում։ Եթե նա անդեմ է, ապա ֆիլմը պարզապես ձանձրալի կլինի։ Շատերն իրենց ստեղծագործության համար ընտրում են «սովորական տղաների», ովքեր զբաղվում են «սովորական գործերով»։ Իհարկե, որոշակի ժանրերում այդօրինակ հերոսները պահանջված են, բայց, այդուհանդերձ, պիտի ունենան ինչ-որ առանձնահատկություն, որը հանդիսատեսին կստիպի հետաքրքրությամբ հետևել նրանց։ Թերևս, այդպիսի կերպար է Ինդիանա Ջոնսը, ցերեկը՝ պրոֆեսոր, գիշերը՝ հերոս, կամ՝ զվարճալի անբան Բենը «Մի քիչ հղի» ֆիլմում։ Ամեն դեպքում՝ գլխավոր հերոսը պիտի ունենա ինչ-որ մի հետաքրքիր յուրահատկություն, այլապես, ինչպիսին էլ լինի սյուժեն, մենք կձանձրանանք։
Պատճառ չորրորդ․ անիմաստ տեսարանները
Անիմաստ տեսարանները սպանում են ողջ սյուժեն։ Սցենարների զգալի մասում արդեն երկրորդ տեսարանը հենց այդպիսին է, իսկ պատճառն այն է, որ հեղինակները գաղափար չունեն, թե ինչի հետ և ինչպես կապեն իրենց հիասքանչ առաջին տեսարանը, քանի դեռ չեն գրել ամբողջ տեքստը։ Առաջին տեսարանին հաջորդում է հերոսների երկխոսությունը, և հենց այստեղ է, որ հեղինակը մոլորվում է ու կարծես համարում, թե նրանք արդեն կատարում են իրենց գործառույթը, ինչի մասին էլ որ խոսեն։ Սա սխալ է։ Եթե տեսարանն իմաստ չունի, այսինքն՝ հերոսները չեն փորձում ինչ-որ նյութ քաղել իրենց սեփական երկխոսությունից կամ մեկ այլ գործող անձից, ապա նշանակում է՝ հեղինակը պարզապես խոսում է ինքն իր հետ։ Տեսարանն աշխուժացնելու ամենահեշտ միջոցն այն է, որ գործող անձինք ինչ-որ բան ցանկանան։ Հենց այդ ցանկությունն էլ կհետաքրքրի հանդիսատեսին։
Պատճառ հինգերորդ․ անվերջանալի էքշըն
Սկսնակ հեղինակները հաճախ մտածում են, որ եթե սցենարը հագեցված է անընդմեջ իրադարձություններով, ապա ընթերցողն անպայման կհետաքրքրվի։ Բայց, ըստ էության, անվերջանալի էքշընը նույնն է, ինչ անվերջանալի երկխոսությունը, այսինքն՝ ձանձրալի է։ Խնդիրն այն է, որ հարցը, թե կաշխատի՞, արդյոք, տեսարանը, պայմանավորված է այն հանգամանքով, թե հատկապես ի՛նչն է գտնվում իրադարձությունների կենտրոնում։ Այսինքն՝ նախորդ 20 էջերը, որ գրել եք, արդյո՞ք բավականաչափ կարևոր էին իրենց ասելիքով ու իրադարձություններով։ Եթե այդպես չէ, հետևաբար՝ էքշընն իմաստ չունի։ Այսպիսով, եթե դուք պարզապես ցատկում եք իրադարձությունների մի շարանից մյուսին, ապա մնում է երաշխավորել, որ հանդիսատեսը կձանձրանա։
Պատճառ վեցերորդ․ առանց կոնֆլիկտի տեսարանները
Յուրաքանչյուր տեսարան պիտի բովանդակի ինչ-որ պայքար, մրցակցություն։ Գործող անձինք տարբեր ցանկություններ ունեն։ Տեսարանն անհրաժեշտ է այն նպատակով, որ պարզի, թե ով է հաղթելու այդ պայքարում՝ առաջին անձը, երկրորդը, թե ոչ ոք։ Այսինքն՝ տեսարանը հետաքրքիր կլինի լոկ այն դեպքում, եթե հերոսներին հարկավոր է ինչ-որ բանի հասնել տվյալ տեսարանի ընթացքում։ Սկսնակ սցենարիստները հազվադեպ են կոնֆլիկտներ ավելացնում իրենց տեսարաններում, ինչի պատճառով էլ դրանք այդքան ձանձրալի են։ Պարտադիր չէ, որ կոնֆլիկտը լինի ակնհայտ, օրինակ՝ գործող անձանցից մեկը կարող է ընդհանրապես չիմանալ, որ ներգրավված է ինչ-որ պայքարում։ Համեմատենք․ ահա մի տեսարան, որտեղ ամուսինն ու կինը վիճում են, թե ով է այդ օրը տանելու երեխաներին, և ահա ևս մի տեսարան, որտեղ աղջկան դուր է գալիս տղան, բայց նա թաքցնում է, որպեսզի վերջինս գլխի չընկնի։ Կամ՝ տեսարան, որտեղ կինը փորձում է ամուսնուն տնից արագ ճանապարհել այն պատճառով, որ իրեն այցելելու է սիրեկանը։ Արդյունքում՝ ինչ տեսանկյունից էլ հարցին վերաբերվես, տեսարաններն ավելի շահեկան են դիտվում, եթե դրանցում կա ինչ-որ խնդիր, որն անհրաժեշտ է լուծել։
Պատճառ յոթերորդ․ չմտածված գործող անձինք
Մեծ թվով հեղինակներ բավականաչափ ուշադրություն չեն հատկացնում իրենց հերոսներին։ Ոմանք արդարանում են, թե, իբր, իրենց սցենարը մարտաֆիլմի համար է, ոմանք էլ պարզապես չեն հետաքրքրվում այդ խնդրով։ Բայց եթե հերոսներին չվերլուծես ամբողջ խորությամբ, չփորձես ուսումնասիրել նրանց կյանքի դետալները, այն դժվարությունները, որոնց նա բախվել է, գաղափար չունենաս նրա ապրումների, երազանքների մասին, ապա հերոսը կստացվի պարզապես անդեմ ու անգույն, իսկ սցենարը՝ անհետաքրքիր։ «Վրիժառուները» ֆիլմը կինովարձույթում մեծ շահութաբերություն արձանագրեց այն պատճառով, որ, չնայած ժանրին, հերոսներից յուրաքանչյուրն ուներ իր նախապատմությունը։ Դիտարկենք, օրինակ, Հալքին․ նա հենց պատմություն ունեցող հերոս է։ Այդպիսի հերոսներ կան նույնիսկ զվարճալի ֆիլմերում, ուրեմն՝ ինչո՞ւ դուք էլ այդ մոտեցումը չօգտագործեք ձեր սցենարում։
Պատճառ ութերորդ․ «ինչ-որ իրադարձություն պիտի կատարվի»
Այս ֆրազի չըմբռնումը անփորձ հեղինակների գլխավոր խնդիրներից է։ Նրանք համարում են, թե դա նշանակում է, որ հերոսները, ասենք, շրջում են մի բարից մյուսը, շփվում են իրենց ընկերների հետ կամ գնում են աշխատանքի։ Տեխնիկապես ասած՝ այդ տեսարաններում, իրոք, ինչ-որ բան պատահում է, բայց արտասովոր կամ յուրօրինակ ոչինչ չի կատարվում։ Որպեսզի կատարվի, տեսարանը գրեք այնպես, որ այն առաջ մղի սյուժեն, այսինքն՝ փոխանակ ձեր հերոսներին ստիպեք, որ նստեն ինչ-որ մի վայրում և քննարկեն իրենց կյանքը, նրանց ստիպեք, որ մտորեն այն մասին, ինչը կազդեր իրադարձությունների զարգացման վրա։ Գուցե նրանցից մեկը ցանկանում է տեղափոխվել, մյուսը հարցուփորձ է անում ինչ-որ մի մարդու մասին՝ խոսակցությանը հաղորդելով նպատակ, և դա մեզ հետաքրքրում է։ «Ինչ-որ բան կատարվում է» նախադասությունը նշանակում է, որ պատմությունը դրա միջոցով մղվում է առաջ, այլապես տեսարանը կլինի անհետաքրքիր։
Պատճառ իններորդ․ երբ սյուժեն ֆոկուսից դուրս է
Ընթերցողի կամ հանդիսատեսի անտարբերության ամենաակնհայտ գրավականն այն է, որ նա կորցնում է կատարվող իրադարձությունների ընկալումը, և նրա համար միևնույն է դառնում հետագա ընթացքը։ Պատմությունն ավարտվում է ինչ-որ մի անհասկանալի վայրում՝ մի հերոսի հետ, ում մասին ընթերցողն արդեն ոչինչ չի հիշում, հերոս, ով չգիտես ինչի համար եկել է չգիտես ուր, և դա մինչև վերջ այդպես էլ չեն բացատրել։ Ֆոկուսի խնդիրը գրեթե միշտ ծագում է հերոսի նպատակների վատ մատուցման պատճառով։ Եթե չի բացատրվում, թե ինչ է պետք նրան և ինչու, կամ՝ եթե ընթերցողը մոռանում է այդ մասին, ապա ամբողջ սյուժեն թաղվում է մշուշի մեջ։ Թույլ մի՛ տվեք այդ սխալը։ Համոզվեք, որ ամեն ինչ պարզ ու հասկանալի է, և մի վախեցեք մի քանի անգամ ընդգծել հերոսի նպատակները, որովհետև կորցնելով թելը՝ մենք կորցնում ենք նաև հետաքրքրությունը։
Պատճառ տասներորդ․ եռանդը պակասում է
Վերջերս ընթերցելով մի սցենար՝ զգացի, որ դրա հիման վրա կարելի էր լավ ֆիլմ նկարահանել։ Այդ սցենարը կարելի էր վաճառել, և ցանկացած կինոստուդիա հաճույքով նկատի կունենար այն։ Բայց այն միաժամանակ սարսափելիորեն ձանձրալի էր, իսկ պատճառը մեկն էր՝ սցենարիստի ընդունած յուրաքանչյուր որոշումը չափից դուրս բացահայտ էր։ Բոլոր տեսարանները արդեն դիտել էի միլիոն անգամ։ Զվարճալի երկրորդական հերոսը որևէ կերպ չէր թողնում նոր տպավորություն։ Թվում էր՝ հեղինակը չի մտածել ոչնչի մասին՝ բացի այն լուծումներից, որոնք ի սկզբանե ծագել են նրա գլխում։ Դա ձեր՝ սցենարիստների խնդիրն է՝ մշտապես պատասխանել նույն հարցին․ «Կարո՞ղ եմ հորինել ինչ-որ մի նոր բան՝ ավելի թարմ ու ավելի գրավիչ, քան այս մեկն է»։ Անկասկած՝ կարող եք։ Բայց մեծամասնությունը չի էլ փորձում, որովհետև դրա համար պետք է ջանք ու եռանդ ներդնել։ Սցենար գրելը զվարճանք չէ։ Դա աշխատանք է։ Ավելին՝ եթե դուք սցենար եք գրում թեթևությամբ, ուրեմն՝ բավականաչափ լավ չեք աշխատում։ Փնտրեք ավելի լավ լուծումներ և մի ուղարկեք սցենարներ, որոնք լի են կանխատեսելի կլիշեներով։
COMMENTS