Ֆիլմում Մուհամեդին մենք տեսնում ենք գրեթե բոլոր դիտանկյուններից, բայց չենք տեսնում դեմքը։
Իսլամը՝ աբրահամյան կրոնների երրորդ դավանանքն ու քրիստոնեությունից հետո երկրորդ խոշորագույն կրոնն աշխարհում, իր աստվածաբանական և մշակութաբանական համակարգով դեռ մինչ եվրոպական Վերածննդի դարաշրջանն ունեցել էր իր սեփական Ռենեսանսը(1)՝ նպաստելով թե՛ գիտական ոլորտների, թե՛ արվեստի տարատեսակ ուղղությունների զարգացմանը: Մուսուլմանական արվեստը, որը միջնադարում ձևավորվեց իսլամի ավանդույթների և սկզբունքների հիմքով, կտրականապես արգելում էր գեղանկարչությունն ու քանդակագործությունը, որոնք ենթադրում էին մարդ էակի կամ, առավել ևս, աստվածային կերպարների պատկերում, ինչը խստորեն արգելված է իսլամում: Տվյալ մշակույթում արվեստն իր դրսևորումն է գտնում ճարտարապետության, զարդարվեստի և գեղագրության մեջ, և չնայած բազում արգելքներին՝ հարյուրամյակների ընթացքում սկսեցին վերանայվել օրենքները՝ կապված պատկերային արվեստի թույլատրելի-անթույլատրելի լինելու հետ: Սուննիական իսլամի(2) հետևորդների մեծամասնությունն իր դոգմատիկ համոզմունքներով մինչ օրս էլ բացասական է վերաբերվում կերպարվեստին, իսկ շիական իսլամը(3), որը գերակշռում է Իրանի Իսլամական հանրապետությունում, համեմատաբար ավելի հանդուրժող է պատկերային մտածողության հանդեպ: Դրանով էլ բացատրվում է պարսկական մանրանկարչության մեջ իսլամի մարգարեների պատկերումը: Այդպիսի մանրանկարներում մարգարեները հաճախ պատկերվում էին առանց դեմքի, որպեսզի, այնուամենայնիվ, մասամբ պահպանվեր նրանց պատկերման արգելքը: Եթե մի կողմ դնենք սուննի և շիա գիտնականների կարծիքներն ու մեջբերենք իսլամի մերօրյա ընդհանուր տեսակետը, ապա և՛ գեղանկարչության մեջ, և՛ կինեմատոգրաֆում պետք է ցույց չտրվեն մարգարեները՝ լինի դա Մուհամեդը, Մուսան (Մովսես), թե Նուհը (Նոյ): Հենց այդ տրամաբանությամբ էլ իսլամական թեման ներթափանցեց 20-րդ դարի կինեմատոգրաֆ և իր ամենից ցայտուն արտահայտումը գտավ 1976 թվականին նկարահանված «Ուղերձ» էպիկական ֆիլմում:
«Ուղերձն» իր ռեժիսորական ինքնատիպ լուծումներով համապատասխանում է իսլամի հիմնական օրենքներին. Մուհամեդ մարգարեին մենք չենք տեսնում ֆիլմում, այլ, փոխարենը, տեսնում ենք նրա դիտանկյունից՝ սուբյեկտիվ պլանով: Ինչպես նաև մենք չենք լսում նրա ձայնը, այլ, երբ մյուս հերոսները դիմում են նրան, այդ ժամանակ էլ մենք իմանում ենք վերջինիս ներկայության մասին: Մուսուլմանական և ոչ մուսուլմանական աշխարհներում այդ ֆիլմը մեծ հիացմունք առաջացրեց, բայց իսլամական գիտնականների թվում գտնվեցին այնպիսիք, ովքեր նկատեցին ինչ-ինչ թերություններ: Նախ քննադատվեց երաժշտության առկայությունը, որն արգելված է իսլամում և, մուսուլմանական լեզվով ասած, հարամ(4) է: Նաև ընդգծվեց որոշ կանանց՝ գլխաշոր չկրելու փաստը: Ռադիկալներն էլ իրենց հերթին չհապաղեցին հայտարարել, որ իսլամական թեմայով առհասարակ չի կարելի ֆիլմ նկարահանել, քանզի իսլամին ծանոթանալու լավագույն և, նրանց պատկերացմամբ, միակ միջոցը Սուրբ Ղուրանի և Մուհամեդի կյանքի մասին պատմող հադիսների(5) ընթերցումն է:
«Ուղերձից» տասնամյակներ անց, երբ արդեն նկարահանվել էին հեռուստասերիալներ և նույնիսկ մուլտֆիլմ(6) Մուհամեդի կյանքի և նրա մարգարեական գործունեության մասին, իրանցի ռեժիսոր Մաջիդ Մաջիդին նկարահանում է «Մուհամեդ. Աստծո առաքյալը» ֆիլմը, որն իր բովանդակային անկաշկանդ մատուցմամբ լուրջ մարտահրավեր էր դասական իսլամի հետևորդների համար: 2015 թվականին, երբ, թվում էր, ոչնչով հնարավոր չէ զարմացնել ժամանակակից հանդիսատեսին, Մաջիդիի ֆիլմն իրապես մեծ աղմուկ բարձրացրեց և մուսուլմանական մի քանի երկրներում՝ Սաուդիան Արաբիայում, Եգիպտոսում, Քուվեյթում և Մարոկկոյում, ցուցադրություններն արգելվեցին(7): Իսլամական աշխարհից ետ չմնացին նաև Ռուսաստանի մուսուլմանաբնակ շրջանները. «Մուհամեդ. Աստծո առաքյալի» ցուցադրումներն արգելվեցին Չեչնիայում, բայց թույլատրվեցին Դաղստանում, որտեղ ֆիլմն ընդունվեց հիացմունքով և բարձր գնահատվեց(8): Քննադատության գլխավոր պատճառը Մուհամեդի, նրա մոր՝ Ամինայի, պապի՝ Աբդ ալ-Մութալիբի և հորեղբոր՝ Աբու Թալիբի պատկերումն է ֆիլմում: «Ուղերձը» նկարահանելիս ռեժիսոր Մուստաֆա Աքքադը համեմատաբար ավելի ուշադիր է եղել մարգարեի կերպարի և նրա հարազատներին պատկերել-չպատկերելու զգայուն խնդրի հանդեպ, ինչը չի կարելի ասել Մաջիդիի մասին, ով մի շատ համարձակ քայլ է արել՝ հրաժարվելով իսլամական ֆիլմերի նախկին կարծրատիպից և գրեթե լիարժեք պատկերելով Մուհամեդի կերպարանքը: Ֆիլմում նաև հնչում է մարգարեի խոսքը, ինչը նույնպես անթույլատրելի է իսլամական տեսանկյունից: Մարգարեի պատկերման՝ Մաջիդիի նորարարական լուծումն այն էր, որ Մուհամեդին մենք տեսնում ենք գրեթե բոլոր դիտանկյուններից, բայց չենք տեսնում դեմքը: Օրինակ՝ տեսարաններից մեկում, որտեղ ուղտին նստած մանուկ Մուհամեդն իր ծծմոր հետ վերադառնում է մայրական տուն, մենք տեսնում ենք, թե ինչպես է նա ափերով փակում աչքերը, որպեսզի պաշտպանվի ծխից, և արդյունքում՝ տրամաբանորեն արդարացվում է մարգարեի դեմքի չցուցադրումը: Իսկ մյուս տեսարաններում Մուհամեդը հիմնականում պատկերվում է թիկունքից, կամ էլ առանձին դետալներով ցույց են տրվում նրա ձեռքերն ու ոտքերը: Այսինքն՝ պարսկական մանրանկարչության սկզբունքով ցույց տրված անդեմ մարգարեն չգոհացրեց բծախնդիր սունիական հանդիսատեսին, որն ակնկալում էր իսլամական ավանդույթի լիարժեք պահպանում: Այստեղ, իհարկե, մեծ դեր է խաղում նաև այն, որ ֆիլմը նկարահանել է շիա ռեժիսոր, իսկ դա արդեն բավարար պատճառ էր սուննիների համար՝ չդիտել ֆիլմը կամ էլ, դիտելու դեպքում, ծայրահեղ քննադատությամբ մոտենալ «շիական գովազդին»:
Ո՞րն է շիական ուսմունքի հիմնական տարբերությունը սուննիականից, և ինչպե՞ս է այն արտացոլվել Մաջիդիի ֆիլմի բովանդակային բաղկացուցչի վրա: Այդ հարցերին պատասխանելուց առաջ նախ պետք է ընդգծենք, որ «Մուհամեդ. Աստծո առաքյալը» սյուժետային դիտանկյունից մաքսիմալ մոտեցված է Հիսուսի մասին պատմող ավետարանական ֆիլմերին: Երկնքում վառվող աստղը, որն ազդարարում է մարգարեի ծնունդը, մյուս կրոնների ներկայացուցիչները, որոնք, տեսնելով աստղը, իրենց դավանանքների տեսանկյունից հաստատում են նոր մարգարեի գալուստը, մանկահասակ մարգարեի նկատմամբ դավադրիչների կողմից իրականացված անհաջող մահափորձը և, վերջապես, մարգարեի գործած հրաշքները, որոնք ներառում են մահացածին վերակենդանացնելն ու քաղցածներին սնունդ պարգևելը․․․ Նույնիսկ կրոնների մասին գաղափար չունեցող հանդիսատեսի մոտ այս բոլոր իրողությունները չեն կարող չասոցացվել թե՛ Մովսեսի, թե՛, առավել ևս, Հիսուսի մասին պատումների հետ, որոնք հայտնի են գրեթե յուրաքանչյուրին: Մուհամեդի հրաշագործությունների մասին, իհարկե, արձանագրվել է «Սահիհ ալ-Բուխարիում»(9), որը մարգարեի մասին պատմող հադիսների ամենահուսալի հավաքածուներից մեկն է, բայց անկախ դրանից՝ ֆիլմն իր ոճային մատուցմամբ և հրաշքների ու իրադարձությունների պատկերմամբ հիշեցնում է ոչ միայն ավետարանական կինոնկարները, այլև բուն ավետարանը: Մուսուլմանների օգտին կարող ենք ասել, որ, ըստ իսլամի, Մուհամեդը վերջին մարգարեն է, իսկ նախորդում են նրան Հիսուսը, Մովսեսը, Սողոմոնը, Հովսեփը, Աբրահամը, Հոբը և աստվածաշնչյան մյուս մարգարեները, և տրամաբանական է, որ Մուհամեդին Աստծո կողմից տրվել է հրաշագործությունների այն նույն շնորհը, որն առկա էր նախկին առաքյալների պարագայում, բայց այդ հարցը թողնենք աստվածաբանների քննարկմանը: Մինչդեռ հօգուտ ֆիլմի կարելի է եզրակացնել, որ Մաջիդին նկարահանել է «Մուհամեդ. Աստծո առաքյալը» ոչ միայն մուսուլման հանդիսատեսի, այլ նաև բոլոր այլադավանների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել իսլամը կամ էլ պարզապես ծանոթանալ մուսուլմանական մշակույթին:
Այն կրոնապատմական խնդիրը, որի շուրջ սուննիներն ու շիաները դարերով տարաձայնության մեջ են, կապված է Մուհամեդի ուղեկիցների՝ պատվավոր լինելու և իսլամի ձևավորման մեջ վերջիններիս ունեցած դերակատարման հետ: Շիաները համարում էին, որ մուսուլմանական հանրությունում իշխանությունը ստանձնելու իրավունք ունեն միայն Մուհամեդի հարազատներն ու ժառանգները, իսկ սուննիներն, ընդհակառակը, համարում են, որ Մուհամեդի օրինավոր ժառանգները հենց նրա ուղեկիցներն ու ուղղահավատ խալիֆներն են, որոնք էլ պետք է վերցնեն իշխանության ղեկը: Տվյալ հակասությունն արտահայտում է «Մուհամեդ. Աստծո առաքյալի» շիական տեսանկյունը. ամբողջ ֆիլմի ընթացքում մենք այդպես էլ չենք տեսնում Մարգարեի հայտնի ուղեկիցներից ոչ Ումար իբն ալ-Խաթաբին, ոչ էլ Աբու Բաքրին, բայց, փոխարենը, տեսնում ենք շիաների հարգանքին արժանացած Մուհամեդի հորեղբայրներին՝ Աբու Թալիբին և Համզային, զարմիկին՝ Ալիին, ինչպես նաև պապին՝ Աբդ ալ-Մութալիբին: Կրոնականից բացի՝ ֆիլմում կա նաև քաղաքական ենթատեքստ, որի հիմքում հրեաներն են և նրանց առնչվող գաղտնի դավադրությունները: Ֆիլմում տեսնում ենք Սամուիլ անունով մի հրեայի, ով իր հավատակիցների հետ փորձում է հասկանալ, թե արդյո՞ք լույս աշխարհ եկած մարգարեն սերում է իրենց ժողովրդից: Իմանալով, որ մարգարեն արաբ է՝ նրանք հուսահատվում են, քանզի, իրենց ըմբռնմամբ, իրենք են միակ «ընտրյալ ժողովուրդը», որից էլ պետք է ծնունդ առնի հուդայականության մեջ այդքան սպասված Մեսիան(10): Ի վերջո, նրանք վճռում են դավադրաբար առևանգել և նույնիսկ սպանել Մուհամեդին, բայց նրանց ծրագիրը ձախողվում է: Մարդասպանը, ում նրանք վճարել էին արաբների սպանության համար, Մուհամեդի և վերջինիս հարազատների փոխարեն իր հանցակիցների հետ միասին սպանում է իրենց վարձած հրեաներին և հափշտակում գումարը: Միայն Սամուիլն է հրաշքով փրկվում արաբների կողմից՝ այն արաբների, որոնց նրա հավատակից եղբայրները մտադրված էին սպանել: Այնուհետև տեսնում ենք, որ Սամուիլն ինքն էլ տարիներ անց դարձել է Մուհամեդի նորաստեղծ ուսմունքի հետևորդը: Այստեղ ուրվագծվում է քրիստոնեական ֆիլմերին բնորոշ այն սկզբունքը, ըստ որի՝ հրեաները մարգարեներ սպանողներ են, բայց նկատվում է նաև տվյալ գաղափարի բարձրաձայնման քաղաքական մոտիվը: Քանի որ ֆիլմը իրանական արտադրության է՝ իրանա-իսրայելական թշնամանքի ֆոնին տրամաբանական է, որ սյուժեում առկա է ոչ այնքան ակնհայտ հակահրեական գիծը:
Ֆիլմում մեջբերվում է Ղուրանի 105-րդ սուրահը(11), որը նկարագրում է 570 թվին (այլ տվյալներով՝ 550-ականներին) տեղի ունեցած պատմական մի իրադարձություն, երբ աքսումիտները(12) յեմենյան տիրակալ Աբրահա ալ-Աշրամի գլխավորությամբ ներխուժում են արաբական թերակղզի և իրենց բանակն ուղղում Մեքքայի կողմը, որպեսզի, ըստ մուսուլմանական աղբյուրների, ոչնչացնեն Քաաբան(13): Ֆիլմում ցույց է տրված, թե ինչպես է Աբդ ալ-Մութալիբը, ով մեքքայական համայնքի ղեկավարն էր, հանդիպում Աբրահայի հետ և խնդրում նրան ետ վերադարձնել վերջինիս զինվորների կողմից ավարառված իր քսան ուղտերը: Պատասխանելով Աբրահայի այն եզրահանգմանը, թե որպես մեքքայի առաջնորդ՝ նա մտահոգված է ուղտերի, այլ ոչ թե քաղաքի և Քաաբայի մասին՝ Աբդ ալ-Մութալիբն ասում է, որ ինքն ընդամենը ուղտերի տերն է, իսկ Քաաբան ունի իր պաշտպանը: Աբդ ալ-Մութալիբը ետ է ստանում իր ուղտերը, իսկ Աբրահան իր զորքով հարձակվում է Մեքքայի վրա: Ինչպես նկարագրված է Ղուրանում՝ թռչունները շիկացած կավից քարեր են նետում նրանց վրա, և Աբրահայի ամբողջ զորքը ջախջախվում է: Մաջիդին չափազանց պատկերավոր ցույց է տվել այդ տեսարանը, և դա առաջին դեպքն էր կինեմատոգրաֆում, երբ ղուրանական տեքստը բեմադրվել և բարձրացվել է մեծ էկրաններ:
Ինչ վերաբերում է Մուհամեդի կյանքին, ապա ֆիլմում հիմնական շեշտադրումը դրված է նրա մանկությունից մինչև պատանեկություն ընկած հատվածի վրա: Ֆիլմի սկզբում տեսնում ենք, թե ինչպես են մուսուլմանները, հեթանոսների կողմից աքսորված, բնակվում լեռնային կիրճում: Զրկված լինելով մեքքացիների և բեդվինական ցեղերի հետ շփումից՝ մուսուլմանները տառապում են քաղցից, քանզի հնարավորություն չունեն սնունդ հայթայթելու: Մեքքայի առաջնորդներից Աբու Սուֆյանը փորձում է համաձայնության գալ Աբու Թալիբի հետ՝ համոզելով նրան դիմել Մուհամեդին և ետ պահել ժողովրդին իսլամ ընդունելու կոչեր անելուց: Սպառնալով պատերազմով՝ Աբու Սուֆյանը Աբու Թալիբին ժամանակ է տալիս մտածելու: Գալով և նստելով մարգարեի տնակի մոտ՝ Աբու Թալիբը հիշում է իր հորը՝ Աբդ ալ-Մութալիբին և մանուկ Մուհամեդի կյանքը: Այդտեղից էլ սկսվում է Աբու Թալիբի ֆլեշբեքը, որի ընթացքում նա հիշում է աքսումիտների հարձակումը, Մուհամեդի ծնունդը, նրա մոր՝ Ամինայի մահը, Մուհամեդի հիվանդանալն ու մահամերձ վիճակից հետո կյանք վերադառնալը, Աբդ ալ-Մութալիբի մահը, քրիստոնյա հոգևորականը, ով Մուհամեդի մեջ ճանաչում է այն Մխիթարողին, ում մասին Հիսուսն ասում է Հովհաննեսի ավետարանում(14): Ֆլեշբեքից հետո տեսնում ենք, թե ինչպես է Աբու Թալիբը Մեքքայի ժողովրդին փոխանցում Մուհամեդի հայտնած լուրը՝ պնդելով, որ այլևս գոյություն չունի այն համաձայնագիրն, ըստ որի՝ մուսուլմանները պետք է շրջափակման մեջ մնան: Երբ բերում են թղթագլանը և բացում այն՝ տեսնում են, որ համաձայնագրի տողերն անհետացել են ու թղթի վրա մնացել են միայն «Քո անունով, Տեր» բառերը: Տեսնելով այդ հրաշքը՝ Մեքքայի ժողովուրդը սկսում է հավատալ Մուհամեդի մարգարեությանը: Ֆինալային տեսարանում երևում է, թե ինչպես է ժողովուրդը խմբված գալիս և հավաքվում Մուհամեդի տնակի մոտ, որպեսզի լսի մարգարեի քարոզը: Վերջում տեսնում ենք բազմաթիվ ձեռքեր, որոնք հերթով ընկղմվում են ջրի մեջ: Ամենավերջում էլ երևում է մարգարեի ձեռքը, որը նույնպես հայտնվում է ջրում: Այդ խորհրդանշական դրվագը ցույց է տալիս մուսուլմանների միասնությունն ու իսլամի գլխավոր ուղերձը՝ սեփական կամքը ենթարկել միակ Աստծուն: «Իսլամ» արաբերենից թարգմանաբար նշանակում է՝ հնազանդություն Աստծուն, իսկ «մուսուլման»՝ Աստծուն նվիրված մարդ: Ֆիլմի հիմնական գաղափարը հենց այս երկու հասկացությունների մեջ է:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին մահապարտ ահաբեկիչների կողմից Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա իրականացված հարձակումից հետո Միացյալ Նահանգներում և շատ ու շատ այլ երկրներում տարածվեց իսլամաֆոբիան: Իսլամը շատերի մոտ սկսեց ասոցացվել սպանությունների և ահաբեկչականության հետ: Ռասայական խտրականության հանգեցնող հակաիսլամական տրամադրությունները փոխելու համար մուսուլմանների կողմից նույնիսկ մի շարք միջոցներ կիրառվեցին, որպեսզի միջազգային հանրությանն ի ցույց դրվի իսլամի և ահաբեկիչների համոզմունքների անհամատեղելիության փաստը: Իսլամի՝ տոլերանտ կրոն լինելն ապացուցելու համար գործի դրվեցին թե՛ ԶԼՄ-ները, որոնց միջոցով հեռարձակվում էին հեռուստաքարոզները, թե՛ կինեմատոգրաֆը, որի շրջանակներում էլ ստեղծվեցին զանազան ֆիլմեր, որոնցից մեկն էլ «Մուհամեդ. Աստծո առաքյալը» կինոնկարն է: Թեպետ Մաջիդին խոստովանել է, որ նկարահանել է ֆիլմը և՛ սուննիների, և՛ շիաների համար, որպեսզի մուսուլմանական համայնքը հանգի միասնության(15), բայց նրա աշխատանքն ի կատար է ածում նաև իսլամական ֆիլմերի մյուս առաքելությունը, այն է՝ իսլամից անտեղյակ հանդիսատեսին մուսուլմանական կրոնի իրական բնույթը ներկայացնելը: Կարելի է ասել, որ «Մուհամեդ. Աստծո առաքյալն» իր բովանդակային և կերպարային բաղադրիչով հերքում է այն տարածված կարծիքը, թե Բեն Լադենը և նրա նմանները որևէ առնչություն ունեն իսլամի հետ:
Առանձնահատուկ պետք է նշենք նաև ֆիլմի օպերատորական աշխատանքը: Վիտորիո Ստորարոն ռեժիսորի հետ միասին կարողացել է գտնել իսլամական թեմատիկայի այն պատկերային լեզուն, որը թույլ կտա բալանսավորել գեղարվեստականությունը արգելքների հետ: Որոշ կադրերում նույնիսկ լուսավորությունն այնպես է մատուցված, որ Մուհամեդի և նրա մոր կերպարանքներից ճերմակ, պայծառ լույս է հորդում, որպեսզի ընդգծվեն նրանց մաքրությունն ու սրբությունը: Ստորարոն ապահովել է վառ գունային երանգավորումն ու ֆիլմից հաղորդվող անհրաժեշտ տրամադրությունը, իսկ պատկերային էսթետիկային դարձված բացառիկ ուշադրությունն, ըստ երևույթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ օպերատորը և ռեժիսորը միտված են եղել ընդհանուր իսլամի էսթետիկան փոխանցելու հանդիսատեսին:
Կրոնական թեմատիկայի տեսանկյունից՝ «Մուհամեդ. Աստծո առաքյալն» այն եզակի ֆիլմերից է, որի միջոցով հնարավոր է մոտիկից ծանոթանալ աբրահամյան երրորդ դավանանքի առանձնահատկություններին: Մեր այս վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ, թեպետ ոչ միանշանակ կարծիքներով և գնահատականներով, բայց հնարավոր է գեղարվեստական բարձրարժեք ֆիլմ ստեղծել՝ հարգելով թե՛ մշակութային, թե՛ կրոնական ավանդույթները: «Մուհամեդ. Աստծո առաքյալի» մասին Մաջիդին ասել է, որ իր այդ ֆիլմով ցանկացել է սկիզբ դնել, այսպես կոչված, մուսուլմանական Հոլիվուդին(16):
Հատկանշական է, որ իրանական արդի կինոյում կան նաև աստվածաշնչյան կերպարներին նվիրված ֆիլմեր, որտեղ Հին և Նոր կտակարանների պատումները, բնականաբար, ներկայացվել են իսլամական դավանաբանական դիտանկյունից: Այդպիսի ֆիլմերից և հեռուստասերիալներից են «Սուրբ Մարիամը» (1997)` Աստվածածնի մասին, «Մեսիան» (2007)՝ Հիսուս Քրիստոսի մասին, «Յուսուֆ մարգարեն» բազմասերիանոց ֆիլմը (2008)՝ Հովսեփի մասին, և «Սուլեյմանի թագավորությունը» (2010)՝ Սողոմոն Իմաստունի մասին:
1. Իսլամական Վերածնունդը կամ իսլամի ոսկեդարը պատմականորեն համապատասխանում
է 8-րդ դարի կեսերից մինչև 13-րդ դարի կեսերն ընկած ժամանակահատվածին, երբ խոշորագույն
տերություն հանդիսացող Արաբական խալիֆաթի շրջանակներում ձևավորվեց համամուսուլմանական
մշակութային տիրույթը, որտեղ զարգացան այնպիսի գիտություններ, ինչպիսիք են մաթեմատիկան,
ֆիզիկան, քիմիան, բժշկությունը, փիլիսոփայությունը և այլն:
2. Սուննիզմն իսլամի
երկու գլխավոր ուղղություններից մեկն է, որն ի տարբերություն իրեն հակադիր ուղղություն
շիիզմի՝ ավելի լայն տարածում ունի հետևորդների քանակի առումով: Սուննիներն ընդունում
են ինչպես Ղուրանի, այնպես էլ Սուննայի (Մուհամեդ մարգարեի գործողությունների, արարքների
և ասույթների մասին պատմվածքների ամբողջությունը) հեղինակությունը: Իբրև իրենց առաջնորդ՝
սուննիներն ընդունում էին միայն չորս ճշմարիտ խալիֆների՝ Աբու Բաքրին, Ումար իբն ալ-Խաթաբին,
Ուսման իբն Աֆանին, Ալի իբն Աբու Թալիբին:
3. Շիիզմը փոքրաքանակ հետևորդներ ունեցող
ուղղությունն է իսլամում: Շիաներն ընդունում են Մուհամեդի զարմիկ Ալի իբն Աբու Թալիբին
ու նրա ժառանգներին որպես Մուհամեդի միակ օրինական հոգևոր ժառանգորդներ: Շիաների համոզմամբ՝
մուսուլմանական համայնքը պետք է ղեկավարեն Ալլահի կողմից նշանակված իմամները: Հակառակ
սուննիների՝ շիաները քննադատաբար են վերաբերվում խալիֆայության առաջին երեք խալիֆներին՝
Աբու Բաքրին, Ումարին և Ուսմանին, քանի որ կասկածում են վերջիններիս՝ Ալլահի ընտրյալներ
լինելուն:
4. Արաբերենից թարգմանաբար «հարամ» նշանակում է «արգելված»:
Այդպես են բնորոշվում իսլամում չթույլատրված երևույթներն ու արարքները։
5. Արաբերենից թարգմանաբար «հադիս» նշանակում
է «ավանդազրույց, պատում»: Հադիսները Մուհամեդի կյանքի և գործունեության մասին գրավոր
կամ բանավոր կերպով փոխանցված պատմությունները, ավանդությունները, զրույցներն ու խրատներն
են:
6. Խոսքը «Մուհամեդ. վերջին մարգարեն» մուլտֆիլմի
մասին է, որի հեղինակը ամերիկացի ռեժիսոր և մուլտիպլիկատոր Ռիչարդ Ռիչն է: Մուլտիֆլմը
թողարկվել է 2002 թվականին:
7. Версия: «ДУМ Чечни отправил фильм «Мухаммад» под запрет», 19.11.2016, (https://kavkaz.versia.ru/v-malyx-gorodax-skfo-sozdadut-13-novyx-obshhestvennyx-prostranstv), հասանելի է՝ 01․04․2024։
8. Տե՛ս նախորդ ծանոթագրությունը։
9. «Սահիհ ալ-Բուխարին» հադիսների վեց հիմնական
ժողովածուներից մեկն է, որը հավաքել է միջնադարի մուսուլման աստվածաբան Մուհամեդ ալ-Բուխարին:
Որոշ սուննի աստվածաբաններ «Սահիհ ալ-Բուխարին» համարում են Սուրբ Ղուրանից հետո երկրորդ
ամենաարժանահավատ գիրքն իսլամում:
10. Ըստ հուդայականության՝ մաշիախը (մեսիան)
արքան է, ով Դավիթ թագավորի հետնորդն է: Համաձայն ավանդության՝ նա ուղարկվելու է Աստծո
կողմից՝ հանուն Իսրայելի ժողովրդի ազատագրման և մարդկության փրկության:
11. Տվյալ սուրահը կոչվում է սուրահ «ալ-Ֆիլ» (թարգմանաբար՝ փիղ):
Այն բաղկացած է հինգ այաթներից և ժամանակագրական առումով Ղուրանի վաղ շրջանի սուրահներից
է:
12. 1-10-րդ դարերում գոյություն ունեցած
և հին եթովպական պետություն հանդիսացող Աքսումի թագավորության բնիկները:
13. Քաաբան մուսուլմանների գլխավոր սրբավայրն է: Այն
հանդիսանում է խորանարդաձև կառույց և գտնվում է Մեքքա քաղաքի կենտրոնում: Համաձայն
իսլամի՝ Քաաբան կառուցել են մարգարեներ Աբրահամն ու նրա որդի Իսմայիլը: Քաաբան ուղենիշ
է, որի կողմն աղոթքի ժամանակ իրենց հայացքներն են ուղղում աշխարհի մուսուլմանները:
14. Հովհ. 16:7:
15. Реальное время: Маджид Маджиди: «Мы создали исламский Голливуд», 18․09․2016,(https://realnoevremya.ru/articles/42082), հասանելի է՝ 01․04․2024։
16. Տե՛ս նախորդ ծանոթագրությունը։
COMMENTS