«Ես սայթաքեցի ջղերիս վրա, զննեցի պատուհանը՝ ծայրեծայր, և լռությունը՝ ինչպես օվկիանոս, փշուր-փշուր եղավ քունքիս մոտ»: Էմիլի Դիքինսոն
Արդի բրիտանական կինոյի ամենասիրված ու ազատամիտ ներկայացուցիչներից մեկը՝ ռեժիսոր Թերենս Դևիսը կենսագրական ֆիլմ է նկարահանել 19-րդ դարի ամերիկացի մեծ բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնի մասին։ Բանաստեղծուհու կերպարը մարմնավորել է ճանաչված դերասանուհի և թատերական ռեժիսոր Սինթիա Նիքսոնը։ «Խաղաղ կիրք» անվանմամբ այս ֆիլմը, որը նորովի է բացահայտում մենակյաց և կյանքի օրոք չգնահատված Էմիլի Դիքինսոնի կենսագրության զարմանալի էջերը, աշնանը կցուցադրվի Տորոնտոյի կինոփառատոնում։
Էմիլի Դիքինսոնն ապրել է 55 տարի և կյանքի օրոք հրատարակել է ընդամենը մեկ տասնյակ բանաստեղծություն, թեպետ նրա ստեղծագործությունների թիվը հասնում է 1800-ի։ Նրա չհասկացվածության և չգնահատվածության պատճառն ավելի քան պարզ էր, որովհետև նա զգալիորեն առաջ էր անցել իր բոլոր ժամանակակիցներից՝ թե՛ որպես կին ստեղծագործող, թե՛ որպես նորարար և թե՛ որպես անհատականություն, ով մարտահրավեր է նետում բարքերին, հասարակությանը, պոեզիայի կարծրատիպերին։ Նրա տողերը հակիրճ են և զուսպ, անվանումները հաճախ բացակայում են, թեմատիկան ու հույզերն ընդգծված հոգևոր են և վկայում են նրա հարուստ ու ողբերգական ներաշխարհի մասին։ Բաժանվելով սիրած տղամարդուց՝ Դիքինսոնը դադարեց շփվել մարդկանց հետ և կյանքի վերջին 24 տարին անցկացրեց բացարձակ միայնության մեջ՝ տանը փակված։ Բացառություն էին կազմում միայն ընտանիքի անդամները։
Նա հռչակավոր դարձավ մահվանից հետո, և այսօր էլ համարվում է համաշխարհային պոեզիայի ամենանշանավոր և ամենաընթերցվող հեղինակներից մեկը։ Թերենս Դևիսի ֆիլմը ներառում է բանաստեղծուհու կյանքի բոլոր ժամանակաշրջանները՝ մանկությունից մինչև վախճան։ Պրեմիերան տեղի է ունեցել փետրվարին՝ Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում, իսկ երկրորդ ցուցադրությունը կանցկացվի Տորոնտոյում։ Ինչպես իր բոլոր ֆիլմերում, այս անգամ ևս Դևիսը հանդես է եկել նաև որպես սցենարի հեղինակ։