Հռոմի Պապերը վերջին շրջանում դարձել են ամենապահանջված կինոհերոսները։ Հազիվ էր Պաոլո Սորենտինոն նկարահանել իր «Երիտասարդ Պապը» ֆիլմը՝ Ջուդ Լոուի գլխավոր դերակատարմամբ, երբ հայտնի դարձավ, որ Պապերից մեկի մասին նկարահանվելու է միանգամից երկու ֆիլմ, որոնցից մեկի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն է։
Դեռևս տարեսկզբին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հանրահայտ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և ոչ պակաս հանրահայտ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը («Քրեական ընթերցվածք», «Սիրահարված Շեքսպիրը», «Սպանել Բիլլին», «Չիկագո» և այլն) Հռոմի Պապ Պիոս 9-րդի մասին կինոնախագիծ են կյանքի կոչելու։ Սակայն ապրիլին ռեժիսորն ու պրոդյուսերը վիճաբանեցին և բաժանվեցին։ Սփիլբերգը որոշեց նկարահանել նույն անձի մասին պատմող այդ ֆիլմի իր տարբերակը, Վայնշթեյնը՝ մեկ այլ տարբերակ։ Երկու ֆիլմերի նկարահանումներն էլ կմեկնարկեն 2017թ-ին, սակայն առաջինը գործի կանցնի Վայնշթեյնը, ով ռեժիսորական աթոռը վստահել է իսլանդացի Բալթասար Կորմակուրին, իսկ գլխավոր դերը՝ Ռոբերտ դե Նիրոյին։
![]() |
Հարվի Վայնշթեյնն ու Սթիվեն Սփիլբերգը |
Իրականում Սփիլբերգի և Վայնշթեյնի տարաձայնություններն ավելի վաղ պատմություն ունեն։ Հայտնի է, որ Սփիլբերգը մինչ օրս էլ չի մոռացել 1999թ-ի «Օսկարի» մրցանակաբաշխությունը, երբ պրոդյուսեր Վայնշթեյնի «Սիրահարված Շեքսպիրը» վարկանիշով և մրցանակների քանակությամբ գերազանցեց նրա «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմին։ Մնում է սպասել, թե այս անգամ երկու հանրահայտ հրեաների մրցակցության արդյունքում ծնված ֆիլմերից որն ավելի հաջողված կլինի։