Ընդամենը 27 տարվա կյանք, ընդամենը չորս երաժշտական ալբոմ, լեգենդար երգչուհու տիտղոս և պատվավոր տեղ բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցանկում․․․ Ռոքի և բլյուզի խենթ արքայադուստր Ջենիս Ջոփլինի բուռն կենսագրությունը ներկայացվելու է մեծ էկրանին։
Ջենիս Ջոփլինի կյանքն առաջին անգամ չէ, որ էկրանավորվում է։ 1979թ-ին ամերիկացի ռեժիսոր Մարկ Ռայդելը նկարահանել է «Ռոուզ» ֆիլմը, որը հանդիսանում է Ջոփլինի կյանքի վերջին տարիների ճշմարտացի արտացոլումը՝ տաղանդավոր Բեթ Միդլերի գլխավոր դերակատարմամբ։ Այս ֆիլմն արժանացել է երեք «Ոսկե գլոբուսի» և չորս անվանակարգում ներկայացվել է «Օսկարի»։ Նոր կինոնախագծում, որի աշխատանքներն արդեն ընթանում են, Ջոփլինի կերպարը մարմնավորելու է 36-ամյա ճանաչված դերասանուհի Միշել Ուիլյամսը («Անիծվածների կղզին», «Կուզիկ լեռը», «Յոթ օր ու գիշեր Մերիլինի հետ»)։ Ռեժիսորը Շոն Դուրկինն է, ով 2012թ-ից կցված է այս կինոնախագծին և ձեռք է բերել հանգուցյալ երգչուհու ձայնագրությունները ֆիլմում օգտագործելու պաշտոնական իրավունքը։
![]() |
Ջիմի Հենդրիքսը, Ջիմ Մորիսոնը և Ջենիս Ջոփլինը |
Երգչուհու մահվանից հետո նրա մասին գրվեցին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, նկարահանվեցին ֆիլմեր, ստեղծվեցին կտավներ ու քանդակներ։ Տասնյակ հեղինակներ վերջին 40-50 տարվա ընթացքում փորձել են վերլուծել ու հասկանալ Ջենիսի ֆենոմենը՝ նրան մատուցելով երբեմն ճիշտ, երբեմն խեղաթյուրված լույսով։ Թե նոր կինոնախագծի հեղինակներին ու դերակատարուհուն որքանով կհաջողվի առանձնանալ ընդհանուր շարքից՝ պարզ կդառնա հաջորդ տարի, նկարահանումների ավարտից հետո։