«Օսկարի» ամենամյա մրցանակաբաշխության նախաշեմին Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդն ամեն տարի հայտարարում է հաղթողներին իր սահմանած շուրջ քսան անվանակարգերում։ Օրերս խորհուրդն ամփոփել է արդյունքները և հրապարակել իր ցանկը։
Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդը, որը հիմնադրվել է 1909թ-ին Նյու Յորքում, հանդիսանում է կինոաշխարհի հեղինակավոր կազմակերպություններից մեկը և տարվա լավագույն ֆիլմերի, ռեժիսորների, դերասանների ու սցենարների ընտրությամբ յուրովի կանխորոշում «Օսկարի» հերթական մրցանակաբաշխության արդյունքները, ինչպես նաև ձևավորում հաղթողների վարկանիշը կինոշուկայում։ Մինչ 2017-ի փետրվարին տեղի ունենալիք «Օսկարի» մրցանակաբաշխությունը՝ հունվարի 4-ին Նյու Յորքում հանդիսավոր արարողությամբ կհանձնվեն Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի պարգևները, որոնց հասցեատերերն արդեն հայտնի են։
![]() |
«Մանչեսթերը ծովի մոտ» |
Կինոքննադատների ազգային խորհուրդը հրապարակել է նաև ամերիկյան ու արտասահմանյան ֆիլմերի իր վարկանիշային ցանկերը։ Ամերիկյան ֆիլմերի լավագույն տասնյակում են «Ժամանում», «Խղճի մտոք», «Կեցցե՛ Կեսարը», «Ամեն գնով», «Թաքնված ֆիգուրներ», «Լա-Լա Լենդ», «Լուսնի լույսը», «Հայրենասերի օրը», «Լռություն», «Հուդզոնյան հրաշքը» կինոնկարները։ Արտասահմանյան ֆիլմերի լավագույն հնգյակում են «Նա», «Սպասուհին», «Ջուլյետա», «Իմ հողը», «Ներուդա» կինոնկարները։