«Եթե դուք հոգում եք ձեր մարսողության համար, ահա բարի խորհուրդ․ ճաշելիս մի խոսեք բոլշևիզմի և բժշկության մասին: Եվ Աստված ձեզ պահապան, մինչ ճաշելը մի կարդացեք սովետական թերթեր։ - Հը՛մմ․․․ Ախր ուրիշները չկան։ - Ուրեմն՝ ոչ մեկն էլ մի կարդացեք»: «Շան սիրտը», Միխայիլ Բուլգակով

ռեժիսոր՝ Վլադիմիր Բորտկո
սցենարի հեղինակ՝ Նատալյա Բորտկո
օպերատոր՝ Յուրի Շայգարդանով
կոմպոզիտոր` Վլադիմիր Դաշկևիչ
դերերում՝ Եվգենի Եվստիգնեև, Վլադիմիր Տոլոկոննիկով, Բորիս Պլոտնիկով, Ռոման Կարցև, Նինա Ռուսլանովա, Օլգա Մելիխովա
արտադրությունը՝ ԽՍՀՄ, 1988թ
տևողությունը՝ 2ժ 16ր
«Ի՞նչ ասել է ձեր այդ քայքայումը։ Ի՞նչ եք ենթադրում այդ բառի տակ։ Ահա թե ինչ է դա․ եթե ես, վիրահատելու փոխարեն, ամեն երեկո իմ բնակարանում սկսեմ երգել, իմ տանը քայքայում կսկսվի: Երբ այդ բարիտոնները բղավում են՝ «Խփիր քայքայմանը», ես ծիծաղում եմ։ Եվ ահա, երբ նա իր միջից պլոկի համաշխարհային հեղափոխությունը, Էնգելսին ու Նիկոլայ Ռոմանովին, ճնշված մալայցիներին ու նման տեսլախաբություններ և զբաղվի մարագները մաքրելով՝ իր ուղղակի գործով, քայքայումն ինքնըստինքյան կչքանա։ Երկու Աստծո չի կարելի ծառայել: Դա ոչ մեկին չի հաջողվի, դոկտոր, առավել ևս նրանց, ովքեր եվրոպացիներից զարգացմամբ ետ մնալով մի երկու հարյուր տարի, մինչ օրս այնքան էլ վստահ չեն կոճկում սեփական շալվարները»:
Վլադիմիր Բորտկոյի «Շան սիրտը» ֆիլմը Միխայիլ Բուլգակովի համանուն վիպակի (1925թ) երկրորդ էկրանավորումն է: Առաջինը իտալացի Ալբերտո Լատուադայի 1976 թվականի ֆիլմն է՝ Մաքս ֆոն Սյուդովի և Մարիո Ադորֆի մասնակցությամբ: Խորհրդային Միությունում պատմվածքն առաջին անգամ պաշտոնապես տպագրվել է 1987թ-ին, ֆիլմի թողարկումից մեկ տարի առաջ, իսկ մինչ այդ՝ 60-ականներին, տարածվել է միայն անհատական հրատարակությունների (самиздат) միջոցով:
Գործողությունները տեղի են ունենում 1920-ականների Մոսկվայում: Մեծանուն վիրաբույժ պրոֆեսոր Պրեոբրաժենսկին ձեռնարկում է մի խելահեղ վիրահատություն՝ մարդու հիպոֆիզի (ստորին մակուղեղ) և ամորձիների փոխպատվաստում շանը: Որպես փորձարարական կենդանի ընտրվում է թափառական շուն Շարիկը, իսկ օրգանները վերցվում են հարբեցող և խուլիգան Կլիմ Չուգունկինի դիակից: Վիրահատության արդյունքները գերազանցում են սպասելիքները: Շարիկի վերջույթներն աճում են, մորթին թափվում է, ձևավորվում է խոսքը: Մոսկվայով մեկ լուրեր են պտտվում, թե պրոֆեսորի բնակարանում հրաշագործություններ են կատարվում: Բայցևայնպես, Պրեոբրաժենսկին շուտով կափսոսա իր արածի համար...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի հերոս բժիշկ Բորմենտալը կինոթատրոնում դիտում է Լև Կուլեշովի «Միսթր Վեսթի անհավանական արկածները բոլշևիկների երկրում» (1924թ) ֆիլմը: