Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Սոսեն» հանդիսատեսին ամեն օր կներկայացնի հետաքրքիր կինոցուցադրություններ և այլ անակնկալներ։
Այսօրվանից մեկնարկում է «Սոսե-2017» միջազգային կինոփառատոնը, որն առաջիկա ավելի քան մեկ ամսվա ընթացքում հեղինակային կինոյի սիրահարներին հնարավորություն կտա մայրաքաղաքի տարբեր վայրերում (Loft, The Club, Մալյանի անվան թատրոն), ինչպես նաև մարզերում ամեն օր դիտել արտասահմանյան և հայկական նոր ֆիլմեր։ Արդեն չորրորդ անգամ անցկացվող այս կինոփառատոնը հետզհետե ընդլայնում է ոչ միայն գործունեության մասշտաբը, այլև իր ներկայացրած ֆիլմերի թեմատիկ շրջանակը՝ միայն կանանց նվիրված թեմաներից ընդարձակվելով մինչև անսահմանափակ բազմազանությամբ խնդիրներ բարձրացնող ֆիլմեր։ Այս տարվա փառատոնին մասնակցում է 131 ֆիլմ 39 երկրից։
«Հոդված 3» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը, փառատոնի հիմնադիր-տնօրեն Սիմոն Սահակյանը, կինոռեժիսոր ու պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը և կինոռեժիսոր ու սցենարիստ Մարինե Զաքարյանը լրագրողներին ներկայացրին իրենց դիտարկումները ոչ միայն «Սոսեի», այլև առհասարակ արդի կինոյի և, մասնավորապես, հայկական նոր կինոյի վերաբերյալ։ Փառատոնի հիմնադիրները տեղեկացրին մի ուշագրավ նորության մասին․ «Սոսեն» կարողացել է համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել iPitch.tv հարթակի հետ, ինչը Հայաստանի ներկայացուցիչներին ևս այսուհետ հնարավորություն կընձեռի իրենց նախագծերն այդ հարթակի միջոցով ներկայացնել հոլիվուդյան առաջատար պրոդյուսերներին և այնպիսի հեղինակավոր ընկերությունների, ինչպիսիք են Warner Bros.-ը, New Line Cinema-ն, Echo Lake Entertainment-ը, Sony Pictures Television-ը, Discovery Networks International-ը և այլն։
Այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի ունեցավ փառատոնի կազմակերպած կինոդիտումներից առաջինը․ ցուցադրվեց ռեժիսոր Աննա Մատիսոնի «Պրոկոֆև․ Ճանապարհին» ֆիլմը՝ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Սերգեյ Պրոկոֆևի մասին, հանրաճանաչ դերասան Կոնստանտին Խաբենսկու և նշանավոր դիրիժոր Վալերի Գերգիևի դերակատարմամբ։
Փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ այս տարվա «Սոսեի» ավարտից հետո իրենց մեծ աշխատանք է սպասվում, քանի որ հաջորդ տարին հոբելյանական է փառատոնի համար։ «Սոսե-2017»-ի մրցութային անվանակարգերը, ի դեպ, ավելացել են ևս մեկով՝ «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգով։