«- Դու հրաժեշտ տվե՞լ ես քո երկրին։ - Այո՛, որպեսզի ընդմիշտ մնամ քեզ հետ»։ «Քրիստինա թագուհին», ռեժ․՝ Ռուբեն Մամուլյան
ռեժիսոր՝ Ռուբեն Մամուլյան
սցենարի հեղինակներ՝ Սալկա Վիրթել, Հարոլդ Մարշ Հարվուդ, Սեմուել Բերման
օպերատոր՝ Ուիլյամ Դենիելս
կոմպոզիտոր՝ Հերբերտ Սթոտհարթ
դերերում՝ Գրետա Գարբո, Ջոն Գիլբերտ, Իեն Քիտ, Լուիս Սթոուն, Էլիզաբեթ Յանգ, Ռեջինալդ Օուեն
արտադրությունը՝ ԱՄՆ, 1933թ
տևողությունը՝ 1ժ 39ր
Ռուբեն Մամուլյանի նկարահանած նշանավոր պատմական դրամայի իրադարձությունները տեղի են ունենում 17-րդ դարում, Շվեդիայի արքա Գուստավ Ադոլֆի դստեր՝ Քրիստինայի գահակալության ժամանակներում։ Հոր մահից հետո Քրիստինան, ով համաշխարհային պատմության էջերում մնացել է որպես այդ դարաշրջանի ամենախելացի կանանցից և պետական գործիչներից մեկը, 6-ամյա հասակում ժառանգում է գահը։ Հասունանալով՝ երիտասարդ թագուհին իրեն դրսևորում է որպես կամային անհատականություն և հրաժարվում է խամաճիկ դառնալ պալատական խորհրդատուների և օտար տերությունների ձեռքում։ Քրիստինան չի ցանկանում ամուսնանալ, կրում է տղամարդու հագուստ, հմուտ տիրապետում է զենքին, նույնիսկ իր մտերիմ ընկերուհու հանդեպ դրսևորում է տղամարդու վարքագիծ։ Մի անգամ թագուհին, տղամարդու կերպարանքում քողարկված, հանգրվանում է հյուրատներից մեկում, որտեղ ժամանում է նաև Իսպանիայի գեղեցկատես երիտասարդ դեսպանը։ Անտեղյակ դեսպանը մտերմանում է համակրելի «տղայի» հետ, և նրանք նույնիսկ գիշերում են նույն սենյակում։ Երբ ճշմարտությունը բացահայտվում է, նրանց ընկերությունը վերափոխվում է բուռն սիրո։ Սակայն դեսպանի մտքով անգամ չի անցնում, որ իր գրկում հայտնված կինը Շվեդիայի թագուհին է։ Շուտով դեսպանն ուղևորվում է պալատ, որտեղ ապշահար տեսնում է գահին բազմած Քրիստինային․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Քրիստինա թագուհին» հոլիվուդյան վերջին խոշոր նախագծերից էր, որ նկարահանվել է Հեյսի հայտնի հետադիմական օրենսգրքի կիրառումից անմիջապես առաջ։ Հաշվի առնելով ֆիլմում առկա՝ այն ժամանակների համար համարձակ տեսարանները՝ փոքր-ինչ ավելի ուշ նկարահանվելու դեպքում այն որևէ շանս չէր ունենա մեծ էկրանին հայտնվելու։
- Այս ֆիլմը համր կինոյի հանրահայտ վաղամեռիկ դերասան Ջոն Գիլբերտի համար դարձավ վերջին նշանակալից աշխատանքը։ Գիլբերտը նշանադրված էր Գրետա Գարբոյի հետ, բայց պսակադրության օրը Գարբոն այդպես էլ չներկայացավ արարողությանը։
ՖԻԼՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ