«Ես ռեժիսոր եմ՝ այնպես, ինչպես ուրիշները նեգր են կամ հրեա»: Ժան-Լյուկ Գոդար

ռեժիսոր՝ Ժան-Լյուկ Գոդար
սցենարի հեղինակ՝ Ժան-Լյուկ Գոդար
օպերատոր՝ Ուիլլի Կուրանտ
կոմպոզիտոր՝ Ժան-Ժակ Դեբու
դերերում՝ Ժան-Պիեռ Լեո, Շանտալ Գոյա, Մառլեն Ժոբեր, Միշել Դեբոր, Բրիջիտ Բարդո
արտադրությունը՝ Ֆրանսիա, 1966թ
տևողությունը՝ 1ժ 50ր
«ԱՐԳՈՍ ՖԻԼՄ ԻՆԴԱՍԹՐԻՆ և ՍԱՆԴՐՅՈՒՍ ԱՆՈՒՇԿԱՆ ցուցադրում են լույսի և ստվերի խաղ ֆրանսիական հնչյունային ֆիլմում, որի 121 գործող անձանցից երեքը կամ չորսը խոսում են արականի և իգականի մասին»:
Պոլը զինծառայությունից հետո քաղաքացիական կյանք վերադարձած մի երիտասարդ է, նա բանաստեղծություններ է գրում, հրապուրված է ձախակողմյան գաղափարներով, ինտելեկտուալ է և իր ժամանակի՝ փոքրամասնություն կազմող հերոսներից մեկը։ Սրճարանում նա պատահաբար ծանոթանում է Մադլեն անունով աղջկա հետ, ով աշխատում է նորաձևության ամսագրում և պատրաստվում է սկսել փոփ-աստղի կարիերա։ Նրանց միջև սկսվում է սիրավեպ, որը հարուցում է Մադլենի ընկերուհիների նախանձը։ Գոդարի համար «իգականը» այն հարմարավետ, բարեկեցիկ կյանքն է, որի հետևորդները զբաղվում են շոփինգով, կառուցում են փոփ-աստղի կարիերա և ձգտում են նմանվել գովազդներում երևացող կերպարներին։ Իսկ «արականը» դա ընդվզումն է, հեղափոխությունը, միայնակ անհատի անհամաձայնության կոչը ամեն ինչին համաձայնող հասարակությանը։ Այս ֆիլմը համարվում է Գոդարի ամենասուր սոցիալական ֆիլմերից մեկը, որը ցույց է տալիս, թե ուսանողական հեղափոխության արդյունքում մոլորված երիտասարդությունն ինչպես է շարժվում դեպի հասունացում։ Ի՞նչ է սպասվում այդ երիտասարդության լավագույն ներկայացուցիչներին, որոնցից մեկն էլ Պոլն է, ի՞նչ գին է նա վճարելու իր հեղափոխականության համար․․․
Օրիգինալ անվանումը՝ Masculin féminin
Ժանրը՝ երգիծական դրամա
Ժանրը՝ երգիծական դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 9/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Արական-իգական» կինոնկարը նկարահանված է Գի դը Մոպասանի ստեղծագործությունների հիման վրա:
- Ֆիլմում պարբերաբար հայտնվում են սյուժեի հետ ուղղակի կապ չունեցող ենթագրեր, որոնցից մեկը հայտարարում է. «Այս ֆիլմը կարող էր կոչվել «Մարքսի և Կոկա-Կոլայի զավակները»:
- «Արծաթե Արջ» մրցանակ` տղամարդու լավագույն դերակատարման համար (Ժան-Պիեռ Լեոյին), մրցանակ լավագույն երիտասարդական ֆիլմին և հատուկ հիշատակում «Ինտերֆիլմի» կողմից` Բեռլինի կինոփառատոնում, 1966թ:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ