Հայտնի արվեստագետների` միմյանց մասին գնահատականները հիշեցնում են մի անողոք մենամարտ, ավելի ճիշտ` մարտ առանց կանոնների: Այդ փոխհրաձգության ընթացքում նրանք գործի են դրել իրենց սրամտության ողջ զինանոցը: Այդուհանդերձ, նրանց կարծիքներն ընթերցում ես ժպիտով, որովհետև հավասարապես սիրելի են և' քննադատողը, և' քննադատվողը…
Ռեժիսորներ և դերասաններ
Օրսոն Ուելսը` Ժան-Լյուկ Գոդարի մասին
«Նա` որպես ռեժիսոր, հսկայական օժտվածություն ունի, սակայն ես չեմ կարող նրան լուրջ ընկալել որպես մտածողի: Նրան հետաքրքրում են միայն տվյալ տեղն ու պահը: Այդօրինակ կինոուղերձը կարելի է տեղավորել նույնիսկ քորոցի մեջ»:
Ժան-Լյուկ Գոդարը` Քվենտին Տարանտինոյի մասին
«Տարանտինոն իր պրոդյուսերական ընկերություններից մեկն անվանակոչել է ի պատիվ իմ ֆիլմի: Ավելի լավ կլիներ, որ ինձ պարզապես մի քիչ գումար տար»:
Նիկ Բրումֆիլդը` Քվենտին Տարանտինոյի մասին
«Նրա ֆիլմերը դիտելիս այնպիսի տպավորություն է, թե նա, սեքսի և բռնության մասին դպրոցական ֆանտազիաներով տարված, ինքնաբավարարմամբ է զբաղվում իր սենյակում, մինչ նրա մայրիկը խոհանոցում պատրաստում է տապակած բակլա: Անցյալի հետ եղած միակ տարբերությունն այն է, որ այժմ այդ տեսարանը ցուցադրվում է միլիոնավոր էկրանների վրա»:
Վինսենթ Գալոն` Սոֆյա և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլաների մասին
«Սոֆյա Կոպոլային դուր է գալիս յուրաքանչյուր ոք, ով ունի այն, ինչ նրան պետք է: Եթե նա ցանկանում է լինել լուսանկարիչ, նա իրենով կանի լուսանկարչի, եթե ցանկանում է դառնալ ռեժիսոր` իրենով կանի ռեժիսորի: Նա նույնպիսի ճարպոտ մակաբույծ է, ինչպես իր խոզանման հայրիկը»:
Վիվիեն Լին` Ջոան Քրոուֆորդի և Բեթ Դևիսի մասին
«Ես հազիվ էի կարողանում Ջոան Քրոուֆորդի դեմքին նայել առավոտյան ժամը 6-ին, իսկ Բեթ Դևիսի դեմքին նայել առհասարակ չէի կարողանում»:
Բեթ Դևիսը` Ջոան Քրոուֆորդի մասին
«Նա քնել է MGM կինոընկերության բոլոր աստղերի հետ` չհաշված հանրահայտ շնիկ Լեսիին»:
Ջոան Քրոուֆորդը` Բեթ Դևիսի մասին
«Չեմ կարողանում հասկանալ, թե նա, իսկական դերասանական խաղի փոխարեն ծամածռություններ անելով, ինչպես է կառուցել իր կարիերան: Նա կեղծ է, բայց հանդիսատեսին դա դուր է գալիս: Նկարահանվելիս նա հաճախ է թաքցնում դեմքը` այդ հնարքը մատուցելով որպես արվեստ, մինչդեռ դրանով նա պարզապես ցանկանում է քողարկել գեղեցկության բացակայությունը»:
Ջոն Գիլգուդն` Ինգրիդ Բերգմանի մասին
«Թանկագին Ինգրիդը տիրապետում է հինգ լեզվի, բայց խաղալ չի կարողանում դրանցից ոչ մեկով»:
Մառլոն Բրանդոն` Ջեյմս Դինի մասին
«Պարոն Դինն օգտվում է անցած տարվա իմ զգեստապահարանից և անցած տարվա իմ տաղանդից»:
Էլիա Կազանը` Մառլոն Բրանդոյի և Ջեյմս Դինի մասին
«Նրանք անհամեմատելի են, թեպետ շատերն են փորձում համեմատել: Դինը հաշմված ներաշխարհ ունի, նա անընդհատ խոնարհվում է և, թվում է, հիմա լաց կլինի, իսկ Բրանդոն անկեղծ է, պարզապես` ամաչկոտ»:
Էլիա Կազանը` Ֆեյ Դանաուեյի մասին
«Նա իմ տեսած ամենավտանգավոր կանանցից է»:
Գրողներ
Մարկ Տվենը` Բրեթ Հարթի մասին
«Հարթը ստախոս է, գող, խարդախ, պճնամոլ, հարբեցող, փալաս, վախկոտ, դավաճան, բացի այդ` նա խնամքով թաքցնում է իր հրեական ծագումը` ասես համարելով ամոթալի»:
Մարկ Տվենը` Ֆենիմոր Կուպերի մասին
«Կուպերի արվեստում կան որոշ թերություններ: «Գազանորսի» ընդամենը 2-3 էջում, օրինակ, նա թույլ է տվել գրականության դեմ 114 հանցագործություն` 115 հնարավորից»:
Մարկ Տվենը` Ջեյն Օսթինի մասին
«Ես չեմ կարծում, որ իրավունք ունեմ այլ հեղինակներին քննադատելու, և այդ քայլին դիմում եմ լոկ այն ժամանակ, երբ ցնցվում եմ ատելությունից: Ջեյն Օսթինին քննադատելու ցանկություն հաճախ է առաջանում, քանզի նրա գրքերն ինձ խելագարության են հասցնում այն աստիճան, որ չեմ կարողանում ինքս ինձ տիրապետել: Ամեն անգամ, երբ կարդում եմ «Հպարտություն և նախապաշարմունքը», ուզում եմ փորել-հանել նրա դիակը և հարվածել գանգին մեծ ոսկորով»:
Ուիլյամ Ֆոլքները` Մարկ Տվենի մասին
«Նա գրչակ է, ում Եվրոպայում չէին դասի նույնիսկ չորրորդ կարգում, գրչակ, ով գրական հնոտին զարդարում է տեղական արտադրության նոր հագուստով, որպեսզի գրավի մակերեսային և ալարկոտ մտքի տեր անձանց»:
Էռնեստ Հեմինգուեյն` Ուիլյամ Ֆոլքների մասին
«Խեղճ Ֆոլքներ: Մի՞թե նա իսկապես կարծում է, թե մեծ մտքերը ծնվում են մեծ խոսքերից»:
Ուիլյամ Ֆոլքներն` Էռնեստ Հեմինգուեյի մասին
«Նա ունակ չէ գործածել բառեր, որոնք ընթերցողին կստիպեին օգտվել բառարանից»:
Էռնեստ Հեմինգուեյն` Ուիլյամ Ֆոլքների մասին
«Երբևէ լսե՞լ եք մի մարդու մասին, ով կոնծում է աշխատանքի ընթացքում: Դա Ֆոլքներն է: Նա խմիչքից չի խուսափում, և ես կարող եմ հստակ նշել այն էջերը, որոնք գրելիս նա արդեն խմել էր առաջին բաժակը»:
Էռնեստ Հեմինգուեյը` Ջեյմս Ջոյսի մասին
«Իմ կարծիքով` նա պարզապես ապուշ է, և ինձ թվում է, որ նրա գիրքը` «Ուլիսը», դեռ կհասցնի մեծ վնաս տալ մեր երկրին: Ես կվերընթերցեմ այն, որպեսզի ավելի հստակ ասեմ, սակայն պարտադիր չէ ուտել բորբոսնած ապուրով լի ամբողջ ափսեն` հասկանալու համար, որ դա բորբոս է: Հուսով եմ` նա ինքնասպան կլինի»:
Գյուստավ Ֆլոբերը` Ժորժ Սանդի մասին
«Նա թանաքով լի մեծ կով է»:
Իվան Բունինը` Մաքսիմ Գորկու մասին
«Նա արդեն երկար տարիներ վայելում է համաշխարհային փառք, որն անօրինակ է իր անարժանությամբ և պայմանավորված է քաղաքական հանգամանքներով ու նրա կենսագրության չիմացությամբ»:
Իվան Բունինը` Վլադիմիր Մայակովսկու մասին
«Նա բոլշևիկյան գրականության պատմության մեջ կմնա որպես խորհրդային մարդակերության ամենանվաստ, ամենացինիկ ու ամենավտանգավոր ծառա»:
Վլադիմիր Նաբոկովը` Ֆյոդոր Դոստոևսկու մասին
«Անհնար է հիանալ նրա ճաշակի բացարձակ բացակայությամբ, ֆրեյդյան բարդույթներով տառապող հերոսների միապաղաղ վերլուծությամբ, մարդկային արժանիքների ողբերգական դատապարտվածության նկարագրությամբ»:
Վլադիմիր Նաբոկովը` Ժան-Պոլ Սարտրի մասին
«Նա Քամյուից էլ վատն է»:
Վլադիմիր Նաբոկովը` Թոմաս Մաննի մասին
«Մանր գրող, ով գրում է խոշոր վեպեր»:
Վլադիմիր Նաբոկովը` Ուիլյամ Ֆոլքների մասին
«Եգիպտացորենի կողրերի տարեգիր: Նրա ստեղծագործությունները գլուխգործոց համարելը աբսուրդ է: Ոչնչություն»:
Նկարիչներ
Սալվադոր Դալին` Պիտ Մոնդրիանի մասին
«Ապուշ քննադատները տարիներ շարունակ այնպես էին արտասանում Մոնդրիանի անունը, ասես նա հոգևոր կյանքի կվինտէսենցիան է»:
Սալվադոր Դալին` Պոլ Սեզանի մասին
«Նյույորքյան մի միջոցառման ժամանակ ես երեք հազար հանդիսականների առաջ հայտարարեցի, որ Սեզանը մարմնավորում է աղետալի անճարակությունը: Բոլորը ծափահարեցին, որովհետև նախևառաջ գաղափար չունեին, թե ով է այդ Սեզանը»:
Սալվադոր Դալին` Ջեքսոն Փոլոքի մասին
«Նա առաջացնում է ստամոքսի խանգարում, ինչպես վատ ձկնապուրից հետո»:
Ֆրենսիս Բեկոնը` Ջեքսոն Փոլոքի մասին
«Փոլոքի կտավները, գուցեև, դուրեկան են, սակայն զարդարանքից ավելին չարժեն: Դրանք նման են հին ժանյակի»:
Էնդի Ուորհոլը` Ջասփեր Ջոնսի մասին
«Ես կարծում եմ` նա հիասքանչ է: Նա հիանալի լանչ է պատրաստում»:
Մարկ Շագալը` Պաբլո Պիկասոյի մասին
«Այդ Պիկասոն հանճարեղ է: Ափսոս, որ չի նկարում»:
Պիեռ-Օգյուստ Ռենուարը` Լեոնարդո դա Վինչիի մասին
«Նա ձանձրույթ է առաջացնում: Ավելի լավ կլիներ, որ շարունակեր զբաղվել իր թռչող սարքերով»:
Լինդեր Սթերլինգը` Դեմիեն Հերսթի մասին
«Մեռած թիթեռնիկներ, կովեր, ձիեր, մարդիկ, ոչխարներ և շնաձկներ` այս ամենը նման է Նոյան տապանի հուղարկավորական գույքագրման: Ֆորմալդեգիդում պահվող որքա՞ն մորթված հորթ է պետք աշխարհին: Կարծում եմ` ոչ մի հատ»:
Ֆրիդա Կալոն` եվրոպացի սյուրռեալիստների մասին
«Նրանք այնքան «ինտելեկտուալ են», որ այլևս ուժ չկա նրանց դիմանալու: Ավելի նախընտրելի է շուկայում վաճառել տորտիլյա, քան նորից տեսնվել փարիզյան այդ արտիստիկ քածերի հետ»:
Ալբերտո Ջակոմետին` Պաբլո Պիկասոյի մասին
«Այլանդակություն: Հնաոճ, գռեհիկ, առանց զգայականության, նողկալի` և' գունավոր, և' անգույն տարբերակով: Շատ վատ նկարիչ է»:
Կլոդ Մոնեն` ֆրանսիացի ռեալիստ նկարիչների մասին
«Դժբախտ և կույր ապուշներ: Նրանք նույնիսկ մառախուղի միջով ուզում են ամեն ինչ հստակ տեսնել»:
Ուիլյամ Բլեյքը` Պիտեր Պաուլ Ռուբենսի մասին
«Իմ կարծիքով` Ռուբենսը սարսափելի է: Նրա պատկերած ստվերների կեղտոտ շագանակագույնը աղտ է հիշեցնում»:
COMMENTS