«Անավարտ է մնում միշտ զրույցս ինձ հետ»: Աբաս Քիարոսթամի
***
Գիշերը ժամանակին եկավ
լույսը ժամանակին ծագեց
աքլորը ժամանակին կանչեց
ես անժամանակ
քնեցի:
***
Ո՞ւր է հիմա,
ի՞նչ է անում
նա, ում մոռացել եմ:
***
Երբ խորը մտածում եմ,
չեմ ընկալում
ձյան այսքան ճերմակության պատճառը:
***
Ո՞վ գիտի
կոկոնի ցավի մասին -
ծաղկելիս...
***
Խմիչքի շիշ՝ կոտրված,
գարնանային անձրևով
լեփ-լեցուն...
***
Ատում եմ լեզուն
դառը լեզուն
սուր լեզուն
լեզուն՝ հրահանգող
լեզուն՝ ակնարկող
ինձ հետ
ժեստերի լեզվով
խոսիր:
***
Փողոցային շունը
պոչն էր շարժում
կույր անցորդի համար:
***
Անավարտ է մնում միշտ
զրույցս
ինձ հետ:
***
Խնձորը
վար ընկավ ծառից
ու ես
գրավչությանդ մասին մտածեցի:
***
Երկու կարմրախայտ
կողք-կողքի ննջած
ափսեի ճերմակ հատակին:
***
Դռան անցքից
և՛ ցուրտն է մտնում
և՛ լուսնի լույսը:
***
Նորածիլ խոտերը
չեն հիշում
ծառերին ծերունի:
***
Չվերադարձան
գետերը, որ դեպի ծով գնացին
զինվորները, որ ճակատ,
ընկերները, որ պանդխտության...
***
Շատերը՝ սիրահար
շատերը՝ սիրեկան
սիրող զույգերը՝
սակավ:
***
Առաջադրելով թռիչքը
փորձարկեցի անկումը...
***
Ընկերներս
վշտացնում են շարունակ,
թշնամիներիցս
բան չեմ հիշում:
***
Երբ եկավ՝
եկավ...
Երբ կար՝
կար...
Երբ գնաց՝
կար...
***
Տասնյակ բանալի՝
հեռու օրերից մնացած,
թափելու քաջություն չկա,
թեև կողպեքներ չկան:
***
Մարդ՝
կախաղանից կախված,
ցայգալույսի
զեփյուռի ներքո...
***
Գոլորշապատ ապակու վրա
ջրի կաթիլ է ձևավորվում՝
նազանքով:
***
Երեկոյան
ձկնորսների ցանցից դուրս մնացած
փոքրիկ ձուկը՝
ափին:
***
Ինչքան դժվար է
դիտել լիալուսինը -
մենակ:
_______________________________
թարգմ.` Էդիկ Պօղոսեանի
լուսանկարները` Աբաս Քիարոսթամիի