«Նրանք իրավունք ունեն սպանելու ինձ, բայց նրանք իրավունք չունեն դատելու ինձ»: «Ապոկալիպսիսն այսօր», ռեժ.` Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
սցենարի հեղինակներ՝ Ջոն Միլիուս, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, Մայքլ Հերր
օպերատոր՝ Վիտորիո Ստորարո
կոմպոզիտորներ՝ Կարմինե Կոպոլա, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
դերերում՝ Մարտին Շին, Մառլոն Բրանդո, Ֆրեդերիկ Ֆորեսթ, Սեմ Բոթոմս, Լոուրենս Ֆիշբերն, Ռոբերտ Դյուվալ, Դենիս Հոփեր, Հարիսոն Ֆորդ
արտադրությունը՝ ԱՄՆ, 1979թ
տևողությունը՝ 3ժ 14ր
Վիետնամական պատերազմի ամենաթեժ պահին կապիտան Ուիլարդին գործուղում են Կամբոջա, որպեսզի իր գաղտնի հանձնարարության շրջանակներում գտնի և սպանի սեփական անկախ բանակը ստեղծած և դասալիքի համբավ ձեռք բերած գնդապետ Կուրցին: Աննկարագրելի դժվարությունների և մարդկային կորուստների գնով հաղթահարելով դեպի ջունգլիների խորքը տանող վտանգավոր ուղիները` ուժասպառ կապիտանը, ի վերջո, հասնում է իր նպատակակետին: Պատերազմը հետզհետե դաժանացնում է նրան, ինչպես ժամանակին խեղել էր Կուրցի հոգին, և երկու զինվորականների հանդիպման պահին արդեն դժվար է միանշանակ ասել, թե ինչով են տարբերվում դահիճն ու իր զոհը...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է Ջոզեֆ Կոնրադի «Խավարի սիրտը» վեպի հիման վրա:
- Կոպոլան նույնպես մի պահ հայտնվում է իր ֆիլմում, այն դրվագում, որտեղ լրագրողները պատրաստում են ռեպորտաժ, և ռեժիսորը գոռում է. «Մի՛ նայեք տեսախցիկի մեջ, ձևացրե՛ք, թե պատերազմում եք»: Այդ ռեժիսորը հենց Կոպոլան է, իսկ օպերատորը՝ Ստորարոն:
- Նախատեսված էր, որ ֆիլմի նկարահանումները տևելու են մոտ 6 շաբաթ, սակայն ձգձգվեցին մինչև 16 ամիս:
- «Ոսկե արմավենի» (կիսել է Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկ» ֆիլմի հետ) և FIPRESCI մրցանակ` Կաննի միջազգային կինոփառատոնում:
- «Օսկար» մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն ձայնի համար:
- «Ոսկե գլոբուս» մրցանակ` լավագույն ռեժիսուրայի և լավագույն սաունդթրեքի համար, ինչպես նաև մրցանակ Ռոբերտ Դյուվալին` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:
- Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ` լավագույն ռեժիսուրայի համար, և մրցանակ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար Ռոբերտ Դյուվալին: