Լուսանկարում` Սոֆի Լորեն և Շառլ Ազնավուր, Կաննի կինոփառատոն, 1961թ:
1961թ-ին, երբ Կաննի կինոփառատոնն ապրում էր իր ոսկեդարը, այստեղ հանդիպեցին երկու լեգենդար անձինք` Շառլ Ազնավուրն ու Սոֆի Լորենը: Ազնավուրն այդ ժամանակ արդեն նկարահանվել էր շուրջ մեկ տասնյակ ֆիլմերում, իսկ Լորենը եկել էր ներկայացնելու իր մասնակցությամբ 45-րդ ֆիլմը` Վիտորիո դե Սիկայի հանրահայտ «Չոչարան»: Ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, որը սկզբում առաջարկվել էր Աննա Մանիանիին, Սոֆի Լորենին պարգևեց Կաննի կինոփառատոնի մրցանակը կանացի լավագույն դերակատարման համար: Լուսանկարվելու պահին Ազնավուրն ու Լորենը դեռևս չգիտեին, որ տարիներ անց իրենք այս կինոփառատոնում հանդես են գալու արդեն որպես ժյուրիի անդամներ, իսկ Լորենը նաև նախագահելու է ժյուրին 1966թ-ին: Չգիտեին նաև, որ տասնամյակները չեն ջնջելու իրենց երիտասարդական փայլն ու հմայքը, և լինելու են նոր հանդիպումներ, ինչպես երկու տարի առաջ` 2014-ին, երբ 80-ամյա Լորենն ու 90-ամյա Ազնավուրը Մոսկվայում նստած էին նույն սեղանի շուրջ, նույն լուսավոր ժպիտով: