Սթենլի Կուբրիկից ժառանգություն մնացած 12 հզ հեղինակային լուսանկարները դեռևս երկար կուսումնասիրվեն ու հաջորդաբար կցուցադրվեն, քանզի դրանք հանդիսանում են բացառիկ վավերագրական նյութեր, որոնք արտացոլում են ոչ միայն նրա լուսանկարչական տաղանդը, այլև 1940-50-ականների ամերիկյան կյանքը:
Ամերիկացի մեծ կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկը վաղ երիտասարդության տարիներին նվիրվել էր լուսանկարչությանը, և եթե նրա կարիերան այդ ասպարեզում գրանցեր սրընթաց վերելք, կինոաշխարհը կզրկվեր իր ամենահեղափոխական ու ամենաինքնատիպ ստեղծագործողներից մեկից: Մինչդեռ կարիերայի սրընթաց վերելքը տեղի չունեցավ, թերևս, զուտ պատահականորեն, որովհետև Կուբրիկը, անկասկած, տաղանդավոր լուսանկարիչ էր: Նրա ֆոտոաշխատանքները բազմիցս ցուցադրվել են, հրատարակվել ու վերահրատարակվել, և ներկայացվող ֆոտոշարքը ներառում է այդ լուսանկարների լոկ փոքր մասը: Այդուհանդերձ, այսքանն էլ բավարար է` Կուբրիկ-լուսանկարչի ուրույն ձեռագրի մասին պատկերացում կազմելու համար: