Ուայլերից հետո այս սյուժեին վերստին անդրադառնալը առնվազն ռիսկային մտահղացում էր, սակայն ամերիկացի կինոարտադրողները որոշել են ժամանակակից էֆեկտներով մատուցել այն։
Ազգությամբ ղազախ ռուսաստանաբնակ ռեժիսոր Թիմուր Բեկմամբետովը Paramount Pictures և MGM ընկերությունների հրավերով նկարահանել է լեգենդար «Բեն-Հուր» ֆիլմի նոր տարբերակը, որի պրեմիերան տեղի կունենա այս օրերին։ 1959թ-ին Լյու Ուոլեսի՝ հրեա ազնվական Բեն-Հուրի կյանքի պատմությունը ներկայացնող հանրահայտ վեպն էկրանավորել է ամերիկյան կինոյի դասական Ուիլյամ Ուայլերը․ ֆիլմն արժանացել է ռեկորդային քանակությամբ մրցանակների, մասնավորապես՝ 11 «Օսկարի»։
Իհարկե, Ուայլերից հետո այս սյուժեին վերստին անդրադառնալը առնվազն ռիսկային մտահղացում էր, սակայն ամերիկացի կինոարտադրողները, ովքեր պարբերաբար վերաէկրանավորում են արդեն հանրահայտ սյուժեները՝ նորը և համարժեքը չունենալու պատճառով, որոշել են չշրջանցել Ուոլեսի վեպը և տեխնիկական ժամանակակից հնարքներով ու էֆեկտներով մատուցել այն։ Ֆիլմի բյուջեն կազմել է 100 մլն դոլար։
Գլխավոր դերերում հանդես են եկել Ջեք Հյուսթոնը և Մորգան Ֆրիմենը։ Նկարահանումներն ընթացել են Իտալիայում։ Ջեք Հյուսթոնի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է «Սպարտակ» և «Վիկինգներ» ֆիլմերում նրա մասնակցությամբ։