«Ըստ իս՝ դու չես կարող պնդել, թե կատարելապես տեսել ես մի երևույթ, եթե չես լուսանկարել այն»: Էմիլ Զոլա
Զոլան լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 1888թ-ից հետո, իսկ կյանքի վերջին 7 տարիների ընթացքում (1895-1902թթ) հասցրել է հեղինակել 7000 լուսանկար: Նրա ֆոտոաշխատանքները բազմաժանր են և ներառում են 1900թ-ին Փարիզում անցկացված համաշխարհային տոնավաճառի, խանութների, սրճարանների, բնության, փողոցների, ճարտարապետական կոթողների (այդ թվում նաև՝ նորաբաց և փարիզեցիների հաճոյությանը դեռևս չարժանացած Էյֆելյան աշտարակի) պատկերներ, ընկերների, ընտանիքի անդամների դիմանկարներ, ինքնանկարներ:
Հանրությանը մի քանի անգամ հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու մեծ գրողի լուսանկարչական աշխատանքներին, որոնք ցուցադրվել են Լիլում անցկացված ֆոտոցուցահանդեսի շրջանակներում: Բացի այդ՝ ճանաչված հրատարակիչ, դիզայներ Ռոբեր Մասենն ընտրել է Զոլայի շուրջ 200 լուսանկար և տպագրել, հրատարակության մեջ տեղ են գտել նաև ֆրանսիացի գրողի օրագրերից և անձնական նամակագրությունից նմուշներ, որոնք տրամադրել է Զոլայի թոռը՝ Ֆրանսուա Էմիլ-Զոլան՝ այդպիսով ավելի հետաքրքական դարձնելով լուսանկարների ուսումնասիրությունը:
Սոնա Կարապողոսյան