Հազանավիչուսի ֆիլմի հիմքում Ժան-Լյուկ Գոդարի նախկին կնոջ՝ դերասանուհի Անն Վյազեմսկիի «Մեկ տարի անց» ինքնակենսագրական գիրքն է:
Հազանավիչուսի նախագծի հիմքում Անն Վյազեմսկիի «Մեկ տարի անց» ինքնակենսագրական գիրքն է: Ֆիլմի գործողությունները սկսվում են 1967թ-ին՝ «Չինուհին» մելոդրամի նկարահանումներից: «Չինուհին» պատմում է մի խումբ ֆրանսիացի ուսանողների մասին, ովքեր ձգտում են ապրել Մաոյի սկզբունքներին հետևելով: Սա Աննի ֆիլմագրության երկրորդ ֆիլմն է և Գոդարի հետ առաջին համատեղ աշխատանքը: Նա ծանոթացել է հայտնի ռեժիսորի հետ, երբ դեռ 17 տարեկան էր. նույն տարի՝ 1967-ին էլ նրանք ամուսնացել են ու համատեղ ապրել մինչև 1979թ-ը:
«Ահեղը» ֆիլմը կընդգրկի Գոդարի կինոարվեստի, այսպես կոչված, «հեղափոխական փուլում» (այդպես է Գոդարն անվանում իր գործունեությունը 1960-ականներին) ռեժիսորի և իր երիտասարդ մուսայի հարաբերությունները:
Ինչպես «Արտիստում», այս ֆիլմում էլ Հազանավիչուսը կհիմնվի Գոդարի կինեմատոգրաֆի ոճի և էսթետիկայի վրա: «Սա հարգանքի տուրք է Գոդարին և իր ֆիլմերին, որոնք նա նկարահանել է 1968-ին: Բայց, միևնույն ժամանակ, մենք թեթևակի կկատակենք նրա ֆիլմերի որոշ յուրահատկությունների շուրջ: Մեր ֆիլմն այնքան էլ կատակերգություն չէ, սակայն լի է դրական լիցքերով»,- ասում է Wild Bunch ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Վենսան Մարավալը:
Ֆիլմի աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսին, և ահա մի քանի օր առաջ ռեժիսոր Հազանավիչուսն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նախագծի որոշ նկարներ: Նա նշել է, որ միշտ հիացել է Գոդարի աշխատանքով ու գերված է եղել ֆրանսիական կինոյի այդ փուլով: