Քանի որ Իթան և Ջոել Քոենները հերքել էին այն տեղեկությունը, թե նկարահանելու են «Մեծն Լեբովսկու» շարունակությունը, Տուրտուրոն որոշել է սեփական ուժերով «հարություն տալ» շուրջ 20 տարի առաջ մարմնավորած իր կինոհերոսին։
Ամերիկացի ճանաչված դերասան և ռեժիսոր Ջոն Տուրտուրոն այժմ Նյու Յորքում նկարահանում է «Հաջողակ մարդիկ» ֆիլմը, որի միջոցով ցանկանում է հանդիսատեսին ևս մեկ անգամ հիշեցնել Քոեն եղբայրների հանրահայտ «Մեծն Լեբովսկին» ֆիլմում մարմնավորած իր հերոսի մասին։ Տուրտուրոն և նրա նկարահանող խումբը չեն թաքցնում, որ իրենց աշխատանքը դառնալու է յուրատեսակ վերադարձ Քոենների կուռքային ֆիլմի որոշ մոտիվներին, մասնավորապես՝ բոուլինգի մեծ սիրահար, անհավասարակշիռ և էքսցենտրիկ Հիսուս Քուինթանայի կերպարին։ Հենց այդ կերպարն էլ ֆիլմում մարմնավորել է Տուրտուրոն։ Նրա դերը թեպետ էպիզոդիկ է, սակայն անմիջապես տպավորվում է և հիշվում։
Դեռևս 1998թ-ին, «Մեծն Լեբովսկու» նկարահանումների ժամանակ, Տուրտուրոն ափսոսանքով էր խոսում այն մասին, որ իր հիշարժան հերոսին այդքան փոքր էկրանային ժամանակ է հատկացված։ Նրա վաղեմի երազանքն էր՝ երբևէ նորից անդրադառնալ այդ կերպարին և զարգացնել այն։ Քանի որ Իթան և Ջոել Քոենները հերքել էին այն տեղեկությունը, թե նկարահանելու են «Մեծն Լեբովսկու» շարունակությունը, Տուրտուրոն որոշել է սեփական ուժերով «հարություն տալ» շուրջ 20 տարի առաջ մարմնավորած իր կինոհերոսին։ Նրա ֆիլմում նկարահանվելու է նաև Օդրի Տոտուն։
Հետաքրքրական է այն փաստը, որ «Հաջողակ մարդիկ» ֆիլմը սկզբում ծրագրված էր հանդիսատեսին մատուցել որպես մեկ այլ կուռքային ֆիլմի՝ Բերտրան Բլիեի «Վալս պարողները» կինոնկարի ռիմեյք։