«Այս աշխարհում ամեն ինչ նախօրոք ներված է, ուստիև` ամեն ինչ ցինիկաբար թույլատրված»: Միլան Կունդերա, «Կեցության անտանելի թեթևությունը»

ռեժիսոր՝ Ֆիլիպ Կաուֆման
սցենարի հեղինակներ՝ Ժան-Կլոդ Կարիեր, Ֆիլիպ Կաուֆման
օպերատոր՝ Սվեն Նյուկվիստ
կոմպոզիտոր՝ Մարկ Ադլեր
դերերում՝ Դենիել Դեյ-Լյուիս, Ժյուլիետ Բինոշ, Լենա Օլին, Դերեկ դե Լինտ, Էռլանդ Յուզեֆսոն, Դանիել Օլբրիխսկի
արտադրությունը՝ ԱՄՆ, 1988թ
տևողությունը՝ 2ժ 52ր
«Կեցության անտանելի թեթևությունը» մի սիրային պատմություն է, որը սկիզբ է առել 1968թ-ին՝ Պրագայում ծավալված հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ խորհրդային զորքերը ներխուժեցին Չեխոսլովակիա և զենքի ուժով ճնշեցին ազատասիրական տրամադրությունները և համաժողովրդական բարեփոխումների ծրագրերը։ Գլխավոր հերոս Թոմաշը երիտասարդ վիրաբույժ է՝ խոստումնալից ապագայով։ Նա նաև անկոտրում ամուրի է և չի հավատում իսկական սիրո գոյությանը։ Ժամանակ առ ժամանակ նա հանդիպում է իր վաղեմի սիրուհիների հետ՝ չգիշերելով նրանց տներում և պահպանելով իր անկախությունը։ Ի վերջո, Թոմաշն ամուսնանում է Թերեզայի հետ, սակայն զուգահեռաբար շարունակում է իր հին զուգընկերուհի Սաբինայի հետ մտերմիկ հարաբերությունները։ Քաղաքական սուր իրավիճակի համապատկերում այս սիրային եռանկյունու ներքին հոգեբանական զարգացումները թվում են ոչ պակաս թեժ ու անկանխատեսելի․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է Միլան Կունդերայի համանուն վեպի հիման վրա:
- Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ՝ լավագույն ադապտացված սցենարի համար, 1989թ: