Լուսանկարում՝ օպրիչնիկ Սկուրատովի դերակատար Միխայիլ Ժարովն ու թագուհի Անաստասիայի դերակատարուհի Լյուդմիլա Ցելիկովսկայան՝ նկարահանումների ընդմիջման ժամանակ, թագուհու «հուղարկավորությունից» առաջ։
Այս լուսանկարը, թերևս, անվանենք՝ սեփական «հուղարկավորությունից» առաջ ծխելը վնասակար չէ։ Իսկ իրականում լուսանկարը հետաքրքիր պատմություն ունի։ Երկրորդ աշխարհամարտը դեռևս չէր ավարտվել, սակայն Սերգեյ Էյզենշտեյնը Ստալինի անմիջական հսկողությամբ, սեղմ ժամկետներում, նկարահանում էր իր լեգենդար ֆիլմերից մեկը՝ «Իվան Ահեղը»։ Այս պատմական դրամայի առաջին մասն արժանացավ մրցանակների, իսկ երկրորդ մասի ցուցադրությունն իշխանությունների կողմից արգելվեց։ Թագուհի Անաստասիայի դերակատարուհի, այն տարիների կինոաստղ Լյուդմիլա Ցելիկովսկայան և Միխայիլ Ժարովն այս լուսանկարում դեռևս ամուսիններ են, սակայն ֆիլմի պրեմիերայից 3 տարի անց՝ 1948թ-ին, Ցելիկովսկայան գտավ իր կյանքի ամենամեծ սերը՝ հայ նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանին։ Նրանք դարձան ամենանվիրված ու նախանձելի զույգերից մեկը, և նույնիսկ ստալինյան հալածանքները, որ տարիներ ի վեր շարունակվում էին Հալաբյանի հանդեպ, չկարողացան կոտրել նրանց։ Ցելիկովսկայան, ում համար տղամարդիկ միշտ մրցակցում էին, ասում էր․ «Ինձ շատերն են սիրել, իսկ ես սիրել եմ միայն Հալաբյանին»։