Գրանդաջի դեբյուտային ֆիլմը՝ «Հանճարը» 20-րդ դարասկզբի գրականության ամենավառ անհատականություններից մեկի՝ վաղամեռիկ արձակագիր Թոմաս Վուլֆի և նրա ստեղծագործությունների հրատարակիչ Մաքս Փերքինսի հարաբերությունների մասին է։
Բրիտանացի թատերական հանրահայտ ռեժիսոր Մայքլ Գրանդաջը որոշել է իր ռեժիսորական տաղանդը ցուցադրել նաև կինոյում, որտեղ մինչ այժմ հանդես է եկել միայն որպես դերասան։ Գրանդաջի դեբյուտային ֆիլմը՝ «Հանճարը» 20-րդ դարասկզբի գրականության ամենավառ անհատականություններից մեկի՝ վաղամեռիկ արձակագիր Թոմաս Վուլֆի և նրա ստեղծագործությունների հրատարակիչ Մաքս Փերքինսի հարաբերությունների մասին է։ Փերքինսը, ի դեպ, համագործակցել է նաև Էռնեստ Հեմինգուեյի և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հետ, այդ իսկ պատճառով նրանք ևս հանդիսանում են այս ֆիլմի գործող անձինք։
Թոմաս Վուլֆի դերում հանդես է եկել Ջուդ Լոուն, Մաքս Փերքինսի դերում՝ Քոլին Ֆերթը, ոչ պակաս ճանաչված Գայ Փիրսը մարմնավորել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կերպարը, իսկ Դոմինիկ Ուեսթը՝ Էռնեստ Հեմինգուեյի կերպարը։ Ֆիլմի գլխավոր կանացի կերպարները վստահվել են Նիքոլ Քիդմանին և Լորա Լինիին։ Կինոքննադատների գնահատմամբ՝ Գրանդաջի ընտրած աստղային դերասանական կազմը փայլուն է հանդես եկել ֆիլմում, թեպետ, ոմանց կարծիքով, ռեժիսորը չի կարողացել խուսափել որոշակի թատերայնությունից։ Այդուհանդերձ, դեբյուտը հաջողված է, և ֆիլմը այս տարվա Բեռլինի կինոփառատոնում եղել է «Ոսկե արջ» մրցանակի հավակնորդ։