Ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում՝ որպես «Ոսկե արմավենու» հավակնորդ։
78-ամյա հոլանդացի ռեժիսոր Փոլ Վերհովենն իր գործունեությամբ արդեն ապացուցել է, որ չի սիրում «սովորական» սյուժեներ, և սա վերաբերում է ոչ միայն նրա «Հիմնական բնազդ» աղմկահարույց ֆիլմին, այլև մյուս աշխատանքներին։ Ռեժիսորի՝ վերջերս ներկայացրած նոր ֆիլմը կոչվում է «Նա»։ Գլխավոր դերում հանդես է եկել Իզաբել Յուպերը, ով նույնպես չի սիրում «սովորական» դերեր․ բավական է միայն հիշել Միխայել Հանեկեի հանրահայտ «Դաշնակահարուհին», Կլոդ Շաբրոլի «Տիկին Բովարին», Մարթա Մեսարոշի «Երկրորդ կինը» կամ Մարկո Ֆեռերիի «Պիեռայի պատմությունը»։
Վերհովենի ֆիլմում Յուպերը մարմնավորել է մեծահարուստ փարիզուհի Միշելի կերպարը՝ ամուսնալուծված մի կնոջ, ով օրերից մի օր դառնում է բռնաբարության զոհ, սակայն չի դիմում ոստիկանության օգնությանը։ Հասուն տարիքում իր հանդեպ կատարված բռնությունը նրան ստիպում է վերհիշել մանկության տարիների իր հոգեբանական ցնցումները, որոնց պատճառը սերիական մարդասպան հայրն էր։ Միշելը սկսում է փնտրել դիմակավոր հանցագործին՝ նրա ինքնությունը պարզելու և վրեժ լուծելու համար։ Ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում՝ որպես «Ոսկե արմավենու» հավակնորդ։