Լրտեսական կրքերով լի այս ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել օսկարակիր Մարիոն Կոտիյարն ու Բրեդ Փիթը։
Ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը նկարահանել է «Դաշնակիցներ» ռոմանտիկ թրիլերը, որի պրեմիերան տեղի կունենա առաջիկա նոյեմբերին։ Լրտեսական կրքերով լի այս ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել նույնպես օսկարակիր Մարիոն Կոտիյարն ու Բրեդ Փիթը։ Օսկարակիր է նաև ֆիլմի պրոդյուսեր Գրեհեմ Քինգը, ում լավագույն պրոդյուսերական աշխատանքների թվում են Մարտին Սկորսեզեի «Ուրացողները», Սթիվեն Սոդերբերգի «Թրաֆիքը», Լասե Հալսթրյոմի «Անավարտ կյանքը», Ժան-Մարկ Վալեի «Երիտասարդ Վիկտորյան» և այլ ֆիլմեր։ Երաժշտության հեղինակը Ալան Սիլվեսթրին է, ում հետ Զեմեկիսը համագործակցել է իր մի շարք ֆիլմերի, այդ թվում՝ հանրահայտ «Ֆորեսթ Գամփի» նկարահանումների ժամանակ։
«Դաշնակիցների» նկարահանումներն ընթացել են Լոնդոնում՝ արտացոլելով Երկրորդ աշխարհամարտի տարիների բարդ ու խճճված իրադարձությունները։
Սյուժեի հիմքում ֆրանսուհի լրտես Մարիան Բեսեժուրի և բրիտանացի լրտես Մաքս Վաթանի սիրո պատմությունն է։ Նրանք ծանոթանում են 1942թ-ին Կասաբլանկայում և, ինչպես պարզվում է, պիտի կատարեն նույն գաղտնի հանձնարարությունը՝ սպանեն գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի։ Համատեղ աշխատանքը առիթ է դառնում, որ նրանք սիրահարվեն միմյանց և որոշ ժամանակ անց ամուսնանան։ Թվում է՝ պատերազմն այլևս չի կարող խանգարել նրանց երջանիկ կյանքին, սակայն տեղի է ունենում անսպասելին՝ ամուսնուն հայտնի է դառնում, որ իր կինը կրկնակի գործակալ է և համագործակցում է նացիստների հետ։ Նա իր կնոջը և իր երեխայի մորը սպանելու հրահանգ է ստանում․․․
Ֆիլմի սցենարիստ Սթիվեն Նայթը խոստովանել է, որ այս իրական պատմության մասին ինքը տեղեկացել է պատահաբար և անմիջապես որոշել է այն վերածել սցենարի։