«Սև հայելի» հեռուստասերիալի երրորդ սեզոնի ամբողջական տարբերակի էքսկլյուզիվ պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Netflix կայքում:
Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ սա վերջին տարիներին նկարահանված ամենաինքնատիպ, խորիմաստ ու սյուրռեալիստական հեռուստաֆիլմերից է: Նախորդ երկու սեզոնները լայն արձագանք ունեցան հանդիսատեսի շրջանում և դարձան առավել հանրահայտ, երբ Netflix-ը տեղադրեց ամբողջական տարբերակներն իր կայքում:
Այժմ արդեն հայտնի է, որ «Սև հայելու» երրորդ սեզոնի պրեմիերան տեղի կունենա հենց այդ հոսքային մեդիա-պորտալում` առաջիկա հոկտեմբերին: Նոր սեզոնի երկու էպիզոդները մինչ այդ կցուցադրվեն սեպտեմբերին մեկնարկելիք Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Իր հերթին Netflix-ն արդեն հրապարակել է կադրեր այդ էպիզոդներից, որոնցից մեկի ռեժիսորը Ջո Ռայթն է, ով հայտնի է դարձել «Քավություն» ֆիլմով (գլխավոր դերերում` Ջեյմս ՄըքԷվոյ, Կիրա Նայթլի) և «Հպարտություն ու նախապաշարմունք», «Աննա Կարենինա» վեպերի էկրանավորումներով:
«Սև հայելի» հեռուստասերիալի երրորդ սեզոնի ամբողջական տարբերակի էքսկլյուզիվ պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Netflix կայքում: