«Մի՛ վախեցիր, ամեն ինչ արդեն անցյալում է: Ես քեզ մի հեքիաթ կպատմեմ. սկզբում քաոսն էր, այնուհետև հայտնվեց լույսը...»: «Բնապատկեր մշուշում», ռեժ.` Թեո Անգելոպուլոս

ռեժիսոր՝ Թեո Անգելոպուլոս
սցենարի հեղինակներ՝ Թեո Անգելոպուլոս, Տոնինո Գուերա, Թանասիս Վալտինոս
օպերատոր՝ Յորգոս Արվանիտիս
կոմպոզիտոր՝ Էլենի Կարաինդրու
դերերում՝ Միխալիս Զիկ, Տանյա Պանայոլոգու, Ստրատոս Ցորցոգլու, Եվա Կոտամանիդու, Ալիկի Գեորգուլի
արտադրությունը՝ Հունաստան, Ֆրանսիա, Իտալիա, 1988թ
տևողությունը՝ 2ժ 7ր
Ֆիլմի գլխավոր հերոսները՝ փոքրիկ քույր ու եղբայրը, ճանապարհվում են իրենց հորը որոնելու: Հոր մասին նրանք գրեթե ոչինչ չգիտեն և երբեք չեն տեսել. գիտեն միայն, որ նա բնակվում է Գերմանիայում: Որոնումների ճանապարհին երեխաները սկսում են ճանաչել և՛ կյանքը, որը տարբերվում է իրենց անաղարտ պատկերացումներից, և՛ մարդկանց, ովքեր երբեմն հիասքանչ են, երբեմն՝ հրեշավոր: Այդուհանդերձ, փորձություններից ոչ մեկը նրանց չի կարողանում փոխել և հետ կանգնեցնել իրենց նվիրական նպատակից: Մաքուր սիրտը կանթեղի պես առաջնորդում է նրանց այս վայրի աշխարհում: Նրանց ճանապարհորդության խորհրդանշական ողջ գեղեցկությունն ու իմաստը երևում են սահմանի մոտ. դատարկ կադրում չի երևում ոչինչ՝ բացի հեռվում ուրվագծվող երազանքից: Այդ երազանքը դատարկությունը դարձնում է բնապատկեր. բնապատկեր մշուշում, որտեղ նրանք են...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Այս ֆիլմը ռեժիսոր Թեո Անգելոպուլոսի և իտալացի մեծանուն կինոդրամատուրգ ու բանաստեղծ Տոնինո Գուերայի «Լռության եռագրության» վերջին մասն է (եռագրության մեջ են մտնում նաև «Ուղևորություն դեպի Կիթերա» և «Մեղվապահը» ֆիլմերը):
- Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ` լավագույն եվրոպական ֆիլմի համար, «Արծաթե առյուծ» Վենետիկի կինոփառատոնում: