«Մոխիր և ալմաստը» կոմունիստական գրաքննության պատճառով հայտնվել է արգելված ֆիլմերի ցանկում ընդգրկվելու վտանգի առաջ։ Վենետիկի կինոփառատոնում ֆիլմը ցուցադրվել է մրցութային ծրագրից դուրս, քանի որ պարտիական ղեկավարությունը մինչև վերջ դեմ էր ֆիլմը Լեհաստանից դուրս ցուցադրելուն։ Այդուհանդերձ, բարձր կինոարվեստի այս նմուշը չէր կարող չգնահատվել արտերկրում․․․
ռեժիսոր՝ Անջեյ Վայդա
սցենարի հեղինակներ՝ Եժի Անժեևսկի, Անջեյ Վայդա
օպերատոր՝ Եժի Վույչիկ
կոմպոզիտոր՝ Ֆիլիպ Նովակ
դերերում՝ Զբիգնև Ցիբուլսկի, Էվա Կշիժևսկա, Վացլավ Զաստշեժինսկի, Ադամ Պավլիկովսկի
արտադրությունը՝ Լեհաստան, 1958թ
տևողությունը՝ 1ժ 46ր
Իրադարձությունները կատարվում են Երկրորդ աշխարհամարտի վերջին օրերին՝ 1945թ-ին։ Թեպետ հաղթանակը մոտ է, սակայն լեհերը, համախմբվելու և իրենց ընդհանուր թշնամուց ազատագրվելու փաստով ոգևորվելու փոխարեն, ոչնչացնում են միմյանց՝ ներքաղաքական տարակարծությունների պատճառով։ Սոցիալիստական կարգերի հաստատումը Լեհաստանը կանգնեցրել է քաղաքացիական պատերազմի շեմին։ Նախկին ուսանող Մացեկը, ով պատերազմի ժամանակ Դիմադրության շարժման անվախ մարտիկներից էր, այժմ հանձնարարություն է ստացել՝ ոչնչացնել բարձր պաշտոն զբաղեցնող կոմունիստական գործչին։ Սխալմունքի հետևանքով դառնալով մի քանի շարքային անձանց մահվան պատճառը՝ նա իր հանցակցի հետ այժմ ստիպված է բոլորից թաքվել սեփական երկրում և ամեն գնով, ընդդիմանալով իր խղճին, ավարտին հասցնել հանձնարարությունը․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է Եժի Անժեևսկու համանուն վեպի հիման վրա:
- Զբիգնև Ցիբուլսկին նկարահանվել է իր առօրյա հագուստով և արևային ակնոցով, ինչը չի համապատասխանում ֆիլմում արտացոլված 1945թ-ի պատմական իրականությանը:
- Կինոքննադատների միջազգային միության (FIPRESCI) մրցանակ Վենետիկի կինոփառատոնում: