Ալենն իրեն բնորոշ սուր հեգնանքով ցույց է տալիս ոչ միայն հոլիվուդյան, այլև առհասարակ ամերիկյան կյանքի ողջ կեղծությունը, զավեշտալի փայլն ու փոփոխականությունը։
81-ամյա Վուդի Ալենը շարունակում է ստեղծագործել երիտասարդներին ոչնչով չզիջող ակտիվությամբ։ Այս տարվա գարնան վերջին նա ներկայացրել է իր նոր ֆիլմը՝ «Աշխարհիկ կյանքը» կատակերգությունը, որն արդեն մուտք է գործել կինովարձույթ, իսկ մինչ այդ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի շրջանակներում։ Իր ոճին հավատարիմ՝ Ալենն այս անգամ էլ հանդիսատեսին հիացնում է սրամիտ ու դիպուկ երկխոսություններով, ճիշտ ընտրված դերասանական կազմով, գրավիչ սյուժեով և տվյալ դարաշրջանի պատկերավոր արտացոլմամբ։
Իրադարձությունները տեղի են ունենում 1930-ականների Նյու Յորքում։ Երիտասարդ Բոբի Դորֆմանը ժամանում է Հոլիվուդ՝ կինոարտադրության ոլորտում աշխատանք գտնելու նպատակով, սակայն աշխատելու փոխարեն սիրահարվում է Քրիսթեն Ստյուարտի մարմնավորած հերոսուհուն՝ քարտուղարուհի Վոնիին, ով, ինչպես պարզվում է, արդեն ունի սիրեկան։
Աշխարհիկ կյանքի հորձանուտում հայտնված հերոսները մերթ միանում են, մերթ բաժանվում, և Ալենն իրեն բնորոշ սուր հեգնանքով ցույց է տալիս ոչ միայն հոլիվուդյան, այլև առհասարակ ամերիկյան կյանքի ողջ կեղծությունը, զավեշտալի փայլն ու փոփոխականությունը։ Ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ կինոքննադատների դրական գնահատականին։