«Երբ ապրում ես մարդկանց շրջապատում, ստիպված ես լինում մտածել ոչ թե նրանց ստեղծագործությունների, այլ հենց նրանց մասին՝ տառապելով նրանց համար, խնամելով նրանց։ Բացի այդ, ինչպես ասել է մի իմաստուն, միայն ագռավներն են թռչում երամներով, իսկ արծիվը միշտ սավառնում է միայնակ»։ «Ընտանեկան դիմանկար ինտերիերում», ռեժ․՝ Լուկինո Վիսկոնտի

ռեժիսոր՝ Լուկինո Վիսկոնտի
սցենարի հեղինակներ՝ Էնրիկո Մեդիոլի, Սուզո Չեկի դ'Ամիկո, Լուկինո Վիսկոնտի
օպերատոր՝ Պասկուալինո դե Սանտիս
կոմպոզիտոր՝ Ֆրանկո Մանինո
դերերում՝ Բերթ Լանկաստեր, Հելմուտ Բերգեր, Սիլվանա Մանգանո, Կլաուդիա Մարսանի, Ստեֆանո Պատրիցի
արտադրությունը՝ Իտալիա, Ֆրանսիա, 1974թ
տևողությունը՝ 2ժ 1ր
Իրադարձությունները տեղի են ունենում 1970-ականների Հռոմում։ Բերթ Լանկաստերի հերոսը՝ մեկուսի կյանքով ապրող տարեց պրոֆեսորը, թերևս, շարունակեր իր խաղաղ գոյությունը աշխարհի աղմուկից հեռու, եթե նրա տուն չներխուժեր էքսցենտրիկ մարքիզուհի Բիանկա Բրումոնտին՝ իր տարօրինակ ընտանիքով հանդերձ։ Համառության շնորհիվ մարքիզուհուն հաջողվում է վարձակալել պրոֆեսորի տան վերին հարկաբաժինը՝ վերջինիս զրկելով անդորրից։ Իր համար անսպասելիորեն պրոֆեսորն այդ ընտանիքում գտնում է «հարազատ հոգի»՝ մարքիզուհու երիտասարդ սիրեկան Կոնրադին։ Կհաջողվի՞, արդյոք, երկու միայնակ մարդկանց փրկել միմյանց, եթե նույնիսկ հանգամանքներն են դեմ այդ փրկությանը․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Վիսկոնտին իր նախավերջին ֆիլմը նկարահանել է հաշմասայլակին գամված, ծանր կաթվածից հետո։ Սա նրա «ամենաանձնական» ֆիլմն է, որտեղ մեծ թիվ են կազմում ինքնակենսագրական մոտիվներն ու դրվագները։
- «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ՝ լավագույն ֆիլմի և լավագույն օտարերկրացի դերասանի համար։