Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը, որը հանդիսատեսին ներկայացվեց անցյալ տարի, ոչ միայն արժանացավ մրցանակների, այլև ռուսաստանյան կինոշուկայում իր բարձր վարկանիշով գերազանցեց մի շարք ուշագրավ ֆիլմերի, այդ թվում՝ Ստանիսլավ Գովորուխինի՝ Սերգեյ Դովլաթովի մասին պատմող «Հիասքանչ դարաշրջանի ավարտը» ֆիլմին։
Ռուսաստանյան մամուլը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում այն մասին, որ Մելիքյանը նկարահանելու է «Սիրո մասին-2» ֆիլմը՝ այս անգամ հանդես գալով որպես պրոդյուսեր։ Ինչպես նախորդ ֆիլմը, այս մեկը ևս լինելու է սիրային ալմանախ՝ այն տարբերությամբ, որ ունենալու է ոչ թե մեկ, այլ վեց ռեժիսոր՝ Նիգինա Սայֆուլաևան, Պավել Ռումինովը, Նատալյա Մերկուլովան, Ռեզո Գիգինեիշվիլին, Եվգենի Շելյակինը և Ալեքսեյ Չուպովը։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնելու է մեկական ռոմանտիկ կինոնովել։ Նովելներից մեկի նկարահանումներում ընդգրկված է նաև ռուսաստանյան հանրահայտ «БИ-2» ռոք-խումբը։ Թեպետ պրեմիերայի օրը դեռևս պաշտոնապես հրապարակված չէ, սակայն ռոք-խմբի անդամներից մեկն ակնարկել է, թե հանդիսատեսին հետաքրքիր անակնկալ է սպասվում 2017-ի մարտի 8-ին։
Շատերն ակնկալում էին, թե այս ֆիլմում ևս Մելիքյանը կզբաղեցնի ռեժիսորական աթոռը, սակայն նա որոշել է դերերն այլ կերպ բաշխել։ Արդեն իսկ հայտնի է, որ «Սիրո մասին-2» ֆիլմն իր կառուցվածքով ու բովանդակությամբ չի տարբերվելու նախորդից։ Դերասանական կազմում ընդգրկված են Ֆյոդոր Բոնդարչուկը, Ինգեբորգա Դապկունայտեն, Վիկտորյա Իսակովան, Ռավշանա Կուրկովան, Աննա Միխալկովան, Գոշա Կուցենկոն, Դանիլա Կոզլովսկին և այլ ճանաչված անուններ։ «Սիրո մասին» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Ռենատա Լիտվինովան այս նոր կինոնախագծում ընդգրկված չէ, սակայն դասախոսի դերում նրան փոխարինել է մի դերասան, ում մասնակցությանը բոլորն անհամբերությամբ են սպասում։ Խոսքը ամերիկյան կինոաստղ Ջոն Մալկովիչի մասին է, ով Ռեզո Գիգինեիշվիլիի նովելում հանդես է գալու գլխավոր դերում, բացի այդ, ինչպես Լիտվինովայի պարագայում էր, իր կինոկերպարով դառնալու է կապող օղակ վեց նովելների միջև։