«Ստեղծագործական տառապանքները դժոխքից էլ ահարկու են, և մարդկանց մեծամասնությունն այդ մասին գաղափար անգամ չունի»։ «Բարթոն Ֆինկ», ռեժ․՝ Քոեն եղբայրներ

ռեժիսորներ՝ Ջոել Քոեն և Իթան Քոեն
սցենարի հեղինակներ՝ Ջոել Քոեն և Իթան Քոեն
օպերատոր՝ Ռոջեր Դիքինս
կոմպոզիտոր` Քարթեր Բյորուել
դերերում՝ Ջոն Տուրտուրո, Ջոն Գուդման, Ջուդի Դևիս, Սթիվ Բուշեմի
արտադրությունը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 1991թ
տևողությունը՝ 1ժ 57ր
1941թ-ին երիտասարդ դրամատուրգ Բարթոն Ֆինկը ժամանում է Հոլիվուդ, որպեսզի սցենար գրի խոշոր կինոընկերություններից մեկի համար։ Հանգրվանելով հյուրանոցում՝ նա սկսում է գրել, բայց աշխատանքը դանդաղ է առաջ շարժվում։ Բարթոնը չի կարողանում կենտրոնանալ մերթ ներքին ճգնաժամի, մերթ կենցաղային խնդիրների, մերթ իրեն շրջապատող մարդկանց առաջացրած իրարանցումների պատճառով։ Լինելով մի ստեղծագործող, ով մշտապես տրվում է ինքնավերլուծությանն ու տվայտանքներին՝ Բարթոնը զգում է, թե օրեցօր ինչպես է ուժգնանում իրեն խեղդող հուսահատությունը։ Իսկ ամենասարսափելին անհայտությունն է, որ շրջապատում է նրան, և նա փորձում է գուշակել, թե ինչպիսի հանգուցալուծում է ունենալու անկանխատեսելի իրավիճակը՝ ոչ պակաս անկանխատեսելի հերոսներով ու նրանց՝ աբսուրդի հասնող արարքներով․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ջոել և Իթան Քոենների պնդմամբ՝ ֆիլմի գաղափարն իրենք մտահղացել են «Միլլերի խաչմերուկը» (1990թ) ֆիլմի սցենարը գրելու ընթացքում, երբ ապրում էին ստեղծագործական ճգնաժամ։
- Ուիլյամ Մեյհյու անունով հերոսի նախատիպը Նոբելյան դափնեկիր Ուիլյամ Ֆոլքներն է, ով իր կարիերայի սկզբնական շրջանում ըմբշամարտի մասին ֆիլմի սցենար էր գրում և, իր հերոսի նման, խնդիրներ ուներ ալկոհոլի հետ։
- «Ոսկե արմավենի», Արծաթե մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջոն Տուրտուրոյին), մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար՝ Կաննի միջազգային կինոփառատոնում: