Ռիդլի Սքոթի «Սայրի վրայով վազողը» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը նկարահանվել է 1982թ-ին, մինչ օրս էլ դասվում է այդ ժանրում երբևէ նկարահանված լավագույն ֆիլմերի շարքը։ «Սայրի վրայով վազողը-2» ֆիլմում Ռիդլի Սքոթը հանդես կգա որպես պրոդյուսեր, իսկ ռեժիսորի աթոռը կզբաղեցնի Դենի Վիլնյովը։
Դենի Վիլնյովի ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2017թ-ի հոկտեմբերին, և արդեն իսկ կարելի է վստահ արձանագրել, որ այս պրեմիերային շատերն են սպասում։ Կինոնախագիծը խոստումնալից ու գայթակղիչ են դարձնում ոչ միայն կանադացի ճանաչված ռեժիսորը և կինոաշխարհում մեծ հեղինակություն վայելող պրոդյուսերը, այլև դերասանական կազմը, որտեղ ընդգրկված են Հարիսոն Ֆորդը, Ջարեդ Լեթոն, Ռոբին Ռայթը, Ռայան Գոսլինգը և այլ հայտնիներ։ Առայժմ տեղեկատվություն չի հրապարակվում այն մասին, թե նրանք ֆիլմում ինչ կերպարներ են մարմնավորելու, փոխարենը՝ ռեժիսոր Դենի Վիլնյովը բացել է փակագծերը և նշել, որ ֆիլմի սյուժեն չի հանդիսանալու Սքոթի կինոստեղծագործության շարունակությունը։ Սա մի ինքնուրույն պատմություն է, որն ընդամենը հեռավոր կապ է ունենալու 1982-ին նկարահանված ֆիլմի հետ։
Իրադարձությունները ծավալվելու են նախորդ ֆիլմում արտացոլված ժամանակահատվածից մի քանի տասնամյակ անց։ Ռիդլի Սքոթի ֆիլմում դեպքերը տեղի էին ունենում 2019թ-ին Լոս Անջելեսում։ Մարդկությունը բաժանված էր երկու դասի՝ իսկական և արհեստական։ Անդրոիդները՝ արհեստական մարդիկ, իսկական մարդկանց գերազանցում էին ֆիզիկական ուժով և բանականությամբ, սակայն ունեին կարճ կյանք և ստրուկի կարգավիճակ։ Հարիսոն Ֆորդը, ով մարմնավորել էր գլխավոր հերոս Ռիկ Դեկարդի կերպարը, երևալու է նաև Վիլնյովի ֆիլմում։ Ռիդլի Սքոթի ընտրած դերասանական կազմում էին նաև Ռուտգեր Հաուերը, Շոն Յանգը, Դերիլ Հանան և 1980-ականների այլ կինոաստղեր։ Ֆիլմը նկարահանվել էր Ֆիլիպ Դիկի՝ 1968թ-ին գրված գիտաֆանտաստիկ վեպի հիման վրա։