Ջեյն Օսթինին անվանում են անգլիական դասական գրականության Առաջին լեդի։ Նրա ստեղծագործությունները ներառված են Մեծ Բրիտանիայի կրթօջախների պարտադիր ուսումնական ծրագրում։ Նա ամենահաճախ էկրանավորվող հեղինակներից է։ Այս տարի էկրանավորվել է Ջեյն Օսթինի գործերից ևս մեկը։
Ամերիկացի ռեժիսոր Ուիթ Սթիլմանն այս տարի ներկայացրել է Ջեյն Օսթինի վաղ շրջանի վեպերից մեկի՝ «Լեդի Սյուզանի» էկրանավորումը, որն արդեն հայտնվել է կինովարձույթում։ Այս ստեղծագործությունը գրված է նամակավեպի ժանրում և Օսթինի կյանքի օրոք ոչ մի անգամ չի հրատարակվել, ավելին՝ հեղինակն այդ առաջարկով երբևէ չի էլ դիմել հրատարակիչներին՝ հավանաբար նպատակահարմար չհամարելով այս վեպի տպագրությունը։ Այդուհանդերձ, քննադատների կարծիքով, «Լեդի Սյուզանն» Օսթինի վաղ շրջանի մյուս ստեղծագործություններից առանձնանում է իր լրջությամբ և մարդկային հարաբերությունների արտացոլման խորությամբ։
Էկրանավորելով «Լեդի Սյուզանը»՝ ռեժիսոր Ուիթ Սթիլմանն իր ֆիլմի համար անվանում է ընտրել Ջեյն Օսթինի՝ նույնպես վաղ շրջանում գրած մեկ այլ ստեղծագործության վերնագիրը՝ «Սեր և բարեկամություն»։ Այդպիսով, նա ցանկացել է հավատարիմ մնալ Օսթինին բնորոշ վերնագրերի ոճին՝ «Հպարտություն և նախապաշարմունք», «Զգացում և զգացմունքայնություն»։ Վեպի հերոսուհին այրիացած լեդի Սյուզան Վերնոնն է, ով տարբեր խարդավանքների միջոցով փորձում է ունևոր ամուսին գտնել ոչ միայն իր դեռատի դստեր, այլև հենց իր համար։
Ֆիլմում գլխավոր դերերով հանդես են եկել Քեյթ Բեքինսեյլը և Քլոե Սևինյին։ Երկու դերասանուհիներն առաջին անգամ չէ, որ միասին նկարահանվում են Ուիթ Սթիլմանի ֆիլմում․ նրանք 1998-ին նկարահանվել են նաև «Դիսկոյի վերջին օրերը» մելոդրամում։ Կինոքննադատների գնահատմամբ՝ Սթիլմանին հաջողվել է իր ֆիլմի միջոցով հանդիսատեսին փոխանցել այն նուրբ հեգնանքը, որով Օսթինը վերաբերվում է իր հերոսներին։ Լեդի Սյուզանի դերակատարուհի Քեյթ Բեքինսեյլը նախկինում նկարահանվել է նաև Օսթինի «Էմմա» ստեղծագործության հիման վրա թողարկված բրիտանական հեռուստաֆիլմում։