Ըստ կինոքննադատների՝ այս ֆիլմը համարվում է լավագույններից մեկը համաշխարհային կինեմատոգրաֆում, իսկ Ժաննայի դերակատարուհի Մարիա Ֆալկոնետիի խաղը՝ լավագույնը երբևէ եղած բոլոր դերակատարումների շարքում։

ռեժիսոր՝ Կառլ Թեոդոր Դրեյեր
սցենարի հեղինակներ՝ Կառլ Թեոդոր Դրեյեր, Ջոզեֆ Դելթիլ
օպերատոր՝ Ռուդոլֆ Մատե
կոմպոզիտորներ` Յեսպեր Կյուդ, Օլե Շմիդտ
դերերում՝ Մարիա Ֆալկոնետի, Էժեն Սիլվեն, Անտոնեն Արտո, Անդրե Բեռլեյ, Մորիս Շյուց, Ժան դ՛Իդ, Լուի Ռավե
արտադրությունը՝ Ֆրանսիա, 1928թ
տևողությունը՝ 1ժ 22ր
Այս ֆիլմում Ժաննա դ՛Արկի դատավարությունը, որն իրականում տևել է մեկ տարի, տևում է ընդամենը մեկ օր։ Այդ մեկ օրվա ընթացքում հոգևոր դատարանը նրան տանջում է անվերջանալի հարցաքննություններով, սպառնում է դաժան մահապատժով, նրան զրկում են հաղորդությունից՝ պահանջելով, որ խոստովանի իր՝ կախարդ ու հերետիկոս լինելը։ Մի պահ սարսափելով մահից՝ Ժաննան ընդունում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները, որպեսզի փրկություն ստանա, սակայն հետո ողջ քաջությունն ի մի բերելով՝ հրաժարվում է սեփական խոսքերից։ Նա գերադասում է մահը խարույկի վրա․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի բնօրինակի նեգատիվը ոչնչացել է 1928թ-ի դեկտեմբերին բեռլինյան կինոստուդիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ինչից հետո Դրեյերին հաջողվեց նախկինում իր կողմից մերժված դուբլներից մոնտաժել ֆիլմի նոր տարբերակը, սակայն հաջորդ տարի այդ տարբերակն էլ ոչնչացավ լաբորատորիայում բռնկված հրդեհից։
- Շուրջ կես դար ֆիլմի բնօրինակը համարվում էր կորսված, մինչև որ 1981թ-ին Օսլոյի հոգեբուժարանում հայտնաբերվեց նախնական տարբերակի հիանալի պահպանված կրկնօրինակը՝ դանիերեն ենթավերնագրերով։ Հենց այդ կրկնօրինակն էլ հիմք հանդիսացավ այժմ գոյություն ունեցող վերականգնված տարբերակի համար։
- Ռեժիսորի մտահղացմամբ՝ ֆիլմը պետք է ցուցադրվի առանց ձայնային ուղեկցության։
- Նկարահանումների ընթացքում դերասաններից ոչ ոք չէր գրիմավորվում, ինչն այդ տարիների համար աննախադեպ երևույթ էր։