Շուտով ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն տոնելու է ծննդյան 74-ամյակը, սակայն պատկառելի տարիքը ոչ միայն չի նվազեցրել, այլև կրկնապատկել է նրա աշխատունակությունը։ Այժմ ռեժիսորը զբաղված է միանգամից երկու մասշտաբային կինոնախագծի իրականացմամբ։ Դրանցից առաջինը՝ «Լռությունը», մեծ էկրան կբարձրանա տարեվերջին, իսկ երկրորդը՝ «Իռլանդացին»՝ 2018թ-ին։
Դեկտեմբերի վերջին Սկորսեզեն հանդիսատեսի դատին կհանձնի իր՝ ավելի քան երեք ժամ տևողությամբ «Լռություն» ֆիլմը, որը պատմում է Ճապոնիա ուղևորված երկու ճիզվիտ հոգևորականի մասին, իսկ իրադարձությունները կատարվում են 17-րդ դարում։ Նրանց հալածում են և հետապնդում, բայց նրանք շարունակում են փնտրել իրենց հոգևոր ուսուցչին և տարածել Ավետարանի գաղափարները։ Ֆիլմը նկարահանվել է ճապոնացի հանրաճանաչ գրող Սյուսակու Էնդոյի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդես են եկել Լիամ Նիսոնը, Էնդրյու Գարֆիլդը և Ադամ Դրայվերը։
Մարտին Սկորսեզեի երկրորդ նախագիծն իրավամբ կարելի է համարել վաղեմի երազանքի իրականացում։ Նա տարիներ շարունակ ծրագրում էր էկրանավորել Չառլզ Բրանդտի «Ես լսել եմ՝ դու ներկում ես տներ» վեպը, որի գլխավոր հերոսն «Իռլանդացի» մականունը կրող հայտնի հանցագործ Ֆրենք Շիրանն է։ Այս պատմության հիմքում իրական դեպքեր են, և վեպի հեղինակն անձամբ ծանոթ է եղել Շիրանի հետ, ով մահվանից առաջ նրան վստահել է մանրամասներ իր կատարած ավելի քան 25 սպանությունների և մաֆիայի հետ իր համագործակցության մասին։ Paramount ընկերության կողմից թողարկվելիք այս ֆիլմի սցենարի հեղինակը հայազգի օսկարակիր սցենարիստ Սթիվեն Զաիլյանն է։
«Իռլանդացին» ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2017թ-ին, իսկ 2018-ի վերջին ֆիլմը կբարձրանա մեծ էկրան։ Սկորսեզեն ֆիլմի դերասանական կազմում ընդգրկել է Ռոբերտ դե Նիրոյին, ում հետ արդեն իններորդ անգամ է աշխատելու, և Ալ Պաչինոյին, ում հետ աշխատելու է առաջին անգամ։ Ռեժիսորը նպատակ ունի նկարահանել նաև Ջո Պեշիին, ով վաղուց էր հեռացել մեծ կինոյից, և երկար ժամանակ հստակ հայտնի չէր՝ կմասնակցի՞ «Իռլանդացու» նկարահանումներին, թե՞ ոչ։ Ամեն դեպքում՝ գանգստերական այս հայտնի կինոեռյակի մասնակցությունը չի կարող չերաշխավորել ֆիլմի հաջողությունը։ Նախագծի նախնական արժեքը գնահատվում է 100 մլն դոլար։