«Կինն ի ծնե հակված է դեպի անկումը։ Բայց նա հակված է նաև դեպի սրբությունը»։ «Մայր Իոհաննան ի հրեշտակաց», ռեժ․՝ Եժի Կավալերովիչ

ռեժիսոր՝ Եժի Կավալերովիչ
սցենարի հեղինակներ՝ Թադեուշ Կոնվիցկի, Եժի Կավալերովիչ
օպերատոր՝ Եժի Վույչիկ
կոմպոզիտոր` Ադամ Վալաչինսկի
դերերում՝ Լյուցինա Վինիցկա, Մեչիսլավ Վոյտ, Աննա Չեպելևսկայա, Մարիա Խվալիբոգ, Կազիմեժ Ֆաբիսյակ
արտադրությունը՝ Լեհաստան, 1960թ
տևողությունը՝ 1ժ 49ր
Արդեն ոչ երիտասարդ և չափազանց բարեպաշտ հոգևորական հայր Յուզեֆը ճանապարհ է ընկնում դեպի կանանց մենաստան, որտեղ պիտի իրականացնի մի ծանր ու հոգեմաշ պարտականություն՝ աղոթքով դուրս քշի դևերին, որոնք գրավել են միանձնուհիների հոգիներն ու մարմինները։ Դիվային գայթակղությունը չի շրջանցել նաև մայրապետ Իոհաննային։ Որքան ավելի երկար է հայր Յուզեֆը շփվում Իոհաննայի հետ, այնքան ավելի մեծ է դառնում նրա կախվածությունը այդ առեղծվածային ու գեղեցիկ կնոջից։ Հոգևորականն, ի վերջո, ինքն էլ հայտնվում է դևերի սարդոստայնում։ Կհաղթահարի՞ նա, արդյոք, գայթակղությունը, թե՞ կզոհաբերի իրեն՝ հանուն սիրո․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է Յարոսլավ Իվաշկևիչի համանուն վիպակի հիման վրա, որի սյուժեի հիմքում իրական պատմական փաստ է՝ միանձնուհիների խմբակային հիստերիան 1634թ-ին Ֆրանսիայի մենաստաններից մեկում:
- Նույն սյուժեին է անդրադարձել նաև բրիտանացի ռեժիսոր Քեն Ռասելն իր «Սատանաները» ֆիլմում (1971թ):
- Ժյուրիի հատուկ մրցանակ Կաննի միջազգային կինոփառատոնում: