Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնը այս ամիս, «Ապոկալիպսիս» ֆիլմին հաջորդած 10-ամյա ընդմիջումից հետո, ներկայացրել է իր նոր ռեժիսորական աշխատանքը՝ «Խղճի մտոք» ռազմական դրաման։
Անհանգիստ, անհաշտ ու սկզբունքային՝ ինչպես կյանքում, այնպես էլ կինոյում․ Մել Գիբսոնին այլ կերպ չես բնորոշի՝ հետևելով նրա կենսագրության աղմկահարույց էջերին՝ հակասեմականությունից մինչև ընտանեկան բռնության մեղադրանքներ, և նրա հեղինակած ֆիլմերի թեմատիկային՝ խաչելությունից մինչև ազգային ազատագրական պայքար և այլն։ Գիբսոնի նոր ֆիլմը ևս նրա նախասիրած թեմատիկայի շրջանակներում է՝ իրական պատմություն մի անհատի մասին, ով մինչև վերջ չի հրաժարվում սեփական համոզմունքներից։ 2014թ-ից նկարահանվող այս ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել Էնդրյու Գարֆիլդը։
«Խղճի մտոք» դրամայի գլխավոր հերոսը ամերիկացի զինվոր Դեսմոնդ Դոսն է, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իր կրոնական սկզբունքներից ելնելով, հրաժարվել է զենք վերցնել ու ոչնչացնել հակառակորդին։ Մարտական ծառայությունը շարունակելով արդեն ոչ թե որպես զինվոր, այլ որպես բուժեղբայր՝ նա ապացուցել է, որ չի վախենում կրակից ու մահվանից և ռազմի դաշտից դուրս է բերել տասնյակ վիրավորների, ինչի համար արժանացել է Պատվո շքանշանի։ Դեսմոնդը ԱՄՆ-ի պատմության էջերում հիշատակվում է որպես զինծառայությունից կրոնական համոզմունքների պատճառով հրաժարված առաջին անձը։ Գիբսոնը ցույց է տվել, որ նրա հրաժարումը պայմանավորված չէր վախով, քանի որ հետագայում նա իրեն դրսևորել է որպես հերոս։
«Մերօրյա կինեմատոգրաֆը լի է մտացածին հերոսներով, և ես որոշեցի, որ ժամանակն է իրական հերոսներին անդրադառնալու»,- ասում է Մել Գիբսոնը։ Կինոքննադատներից շատերը նշում են, որ ֆիլմը նկարահանված է անթերի, սակայն ավելի շատ տուրք է տրված իրադարձությունների արտաքին շերտի համոզիչ պատկերմանը, քան գլխավոր հերոսի հոգեբանական երկմտանքին ու ներքին պայքարին, ինչն ավելի հետաքրքիր ու բովանդակալից կլիներ։ Այդուհանդերձ, Գիբսոնի ռեժիսորական վարպետությունը ոչ ոք չի վիճարկել և արձանագրվել է, որ նա նկարահանել է իսկապես դիտարժան ֆիլմ՝ հերթական անգամ կարողանալով կառավարել հանդիսատեսի հույզերը։