Հոկտեմբերին հանրությանը կներկայացվի իտալացի օսկարակիր ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ Պապը» բազմասերիանոց ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել հմայիչ Ջուդ Լոուն։
Վենետիկի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում ցուցադրվել են ֆիլմի սերիաներից երկուսը, և շատերն արդեն կարծիք են հայտնել, թե սա Լոուի լավագույն դերակատարումն է։ Նա մարմնավորել է ամերիկաբնակ իտալացի Լենի Բելարդոյի մտացածին կերպարը՝ 40-ամյա մի տղամարդու, ով ճակատագրի բերումով ընտրվել է Հռոմի Պապ և այդուհետ կրելու է Պիոս 13-րդ անունը։ Ջուդ Լոուի հերոսը նման չէ մինչ այդ գահակալած Պապերից ոչ մեկին․ նա հանդուգն և կարծրատիպերը կոտրող կերպար է, միաժամանակ՝ պահպանողական է և գթասիրտ։ Դերասանը փորձել է առավելագույնս համոզիչ ներկայացնել Պիոս 13-րդի խառնվածքի ողջ հակասականությունը, ինչպես նաև նրա պայքարը վատիկանյան պայմանականությունների դեմ։
Ութ մասից բաղկացած այս ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Մ․ Նահանգները։ Նկարահանումներն ընթացել են հիմնականում Իտալիայում, ինչպես նաև Ամերիկայում և Աֆրիկայում։ Սորենտինոն աշխատել է իր մշտական օպերատոր Լուկա Բիգացիի հետ՝ կինոնկարը հարստացնելով Վատիկանի հիասքանչ տեսարաններով ու կաթոլիկ հոգևորականության շքեղ կենսակերպի պատկերներով։ Դատելով մամուլի և կինոքննադատների արձագանքներից՝ Սորենտինոյի՝ բազմասերիանոց ֆիլմ նկարահանելու առաջին փորձը կարելի է համարել հաջողված։ Հատկանշական է, որ, պատկերելով Վատիկանի ճարտարապետության և միջավայրի ողջ ճոխությունը, Սորենտինոն այս ֆիլմում չի չարաշահում այդ տեսարանները, ինչը նկատելի էր, օրինակ, նրա «Մեծ գեղեցկությունը» ֆիլմում։