«Հիմնված է իրական դեպքերի վրա»․ այսպես է կոչվում հանրահայտ Ռոման Պոլանսկու նոր ֆիլմը, որի նկարահանումները մեկնարկելու են առաջիկա նոյեմբերին Փարիզում, իսկ պրեմիերան տեղի կունենա մյուս տարի։
Ֆրանսիացի ժամանակակից գրող Դելֆին դը Վիգանի համանուն վեպը Պոլանսկուն անմիջապես գրավել է, և նա արդեն սկսել է էկրանավորման աշխատանքները։ Վեպի և Պոլանսկու նոր հոգեբանական թրիլերի հերոսուհին գրող է, ում կյանքը վտանգված է մոլագարության հասած մի կնոջ պատճառով։ Ֆիլմի սցենարը Պոլանսկին գրել է ֆրանսիացի ճանաչված ռեժիսոր և սցենարիստ Օլիվիե Ասայասի հետ միասին։ Վերջին անգամ Պոլանսկին հանդիսատեսին ներկայացել էր 2013թ-ին՝ «Վեներան մորթիների մեջ» ֆիլմով, որտեղ գլխավոր դերում նկարահանվել էր նրա կինը՝ Էմանուել Սենիեն։
Պոլանսկին առաջին անգամ չէ, որ իր ֆիլմերում նկարահանում է նրան, սակայն սկանդալային Սենիեի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը, թերևս, «Դառը լուսինն» է։ Սենիեի խաղընկերուհին այս ֆիլմում Եվա Գրինն է՝ ոչ պակաս սկանդալային, սակայն շատ ավելի շնորհալի մի դերասանուհի, ով ճակատագրական գեղեցկուհու համբավ ձեռք բերեց կինոյում իր առաջին իսկ դերակատարմամբ՝ Բեռնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմում։ Պոլանսկու հոգեբանական թրիլերի համար երաժշտություն է գրելու օսկարակիր կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան («Արքան խոսում է», «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմությունը», «Դանիացի աղջիկը»)։