«Ընդհանուր առմամբ՝ Թերենս Սթեմփին ես վերածել եմ մի յուրօրինակ մետաֆիզիկական երկնաբնակի։ Նրա մեջ կարելի է տեսնել սատանային կամ աստծո և սատանայի համադրությունը։ Կարևոր է այն, որ նա իրենից ներկայացնում է որքան անկրկնելի, նույնքան էլ անըմբռնելի մի երևույթ»։ Պիեռ Պաոլո Պազոլինի

ռեժիսոր՝ Պիեռ Պաոլո Պազոլինի
սցենարի հեղինակ՝ Պիեռ Պաոլո Պազոլինի
օպերատոր՝ Ջուզեպե Ռուցոլինի
կոմպոզիտոր` Էնիո Մորիկոնե
դերերում՝ Թերենս Սթեմփ, Սիլվանա Մանգանո, Մասիմո Ջիրոտի, Անն Վյազեմսկի, Լաուրա Բետի, Նինետո Դավոլի
արտադրությունը՝ Իտալիա, 1968թ
տևողությունը՝ 1ժ 38ր
Միլանաբնակ մեծահարուստ գործարանատիրոջ ընտանիքը վարում է անհոգ ու անպտուղ կյանք, որը, թվում է, անվերջ շարունակելու էր իր միապաղաղ ընթացքը, եթե օրերից մի օր նրանց տանը չհայտնվեր մի խորհրդավոր ու անանուն անձ։ Երկնքի պես կապույտ աչքերով այդ երիտասարդին հաջողվում է ամուր հաստատվել գործարանատիրոջ տանը՝ իր այցելության ընթացքում այլասերելով ընտանիքի բոլոր անդամներին՝ կին ու տղամարդ, սպասուհի ու գործարանատեր։ Ոչ ոք չի հասկանում՝ դև՞ է նա, թե՞ հրեշտակ, սակայն ով էլ լինի՝ կարողանում է բոլորին կուրորեն հպատակեցնել իր կամքին ու հմայքին։ Տան անդամները միմյանց հետ չեն շփվում, այլ շփվում են միայն կապուտաչյա հյուրի հետ։ Երբ նա մի օր ընդմիշտ անհետանում է այդ մարդկանց կյանքից, նրանք ասես ցնորվում են դատարկության, գուցեև՝ սեփական մեղավորության, զգացումից և սկսում են գործել ամենաանկանխատեսելի արարքներ․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Էկումենիկ ժյուրիի մրցանակ և Վոլպիի անվան մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Լաուրա Բետիին)՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
- Ֆիլմի հիմքում ռեժիսորի համանուն վեպն է։
- Ամբողջ ֆիլմի ընթացքում հնչում է ընդամենը 923 բառ։
- Իտալիայում ֆիլմը դրվեց կալանքի տակ, սակայն դատավարությունն ավարտվեց արդարացնող դատավճռով։ Դատավորն իր վճիռը հիմնավորեց հետևյալ կերպ․ «Այն հուզմունքը, որ ես ապրեցի այս ֆիլմը դիտելիս, կրում էր ոչ թե սեքսուալ, այլ բացառապես գաղափարախոսական և միստիկական բնույթ։ Քանզի, անկասկած, խոսքը վերաբերում է արվեստի գործի, և այն չի կարող լինել անպարկեշտ»։