Հանրահայտ Թոմ Ֆորդն առաջին դիզայները չէ, ում հետաքրքրում է կինեմատոգրաֆը, սակայն նա, վստահաբար, ամենաշնորհալիներից է՝ դատելով նրա երկու ռեժիսորական աշխատանքներից։ 2009թ-ին նա իսկական հաղթարշավով մուտք գործեց մեծ կինո՝ ներկայացնելով «Միայնակ տղամարդը» ֆիլմը՝ Քոլին Ֆերթի գերազանց դերակատարմամբ, իսկ այս տարի ներկայացրել է իր երկրորդ ֆիլմը՝ «Գիշերային կենդանիները» թրիլերը։
Դիզայներ, Gucci նորաձևության տան նախկին ստեղծագործական տնօրեն Թոմ Ֆորդը շարունակում է հաջողություններ արձանագրել ռեժիսուրայի ասպարեզում։ Նրա «Միայնակ տղամարդը» դեբյուտային ֆիլմը 2009թ-ին Վենետիկի կինոփառատոնում արժանացել էր «Երկնագույն առյուծ» մրցանակի և «Օսկարի» էր ներկայացվել չորս անվանակարգերում, իսկ այս տարի Ֆորդն այդ նույն Վենետիկի կինոփառատոնի դատին է հանձնել իր երկրորդ ֆիլմը՝ «Գիշերային կենդանիները» թրիլերը՝ Ջեյք Ջիլենհոլի և Էմի Ադամսի գլխավոր դերակատարմամբ։ Դատելով մամուլի և կինոքննադատների արձագանքներից՝ այս անգամ ևս Ֆորդին հաջողվել է պատվով հաղթահարել ոչ դյուրին փորձությունը և մրցակցել անվանի պրոֆեսիոնալների հետ։
Ամերիկացի ժամանակակից գրող Օսթին Ռայթի «Թոնի և Սյուզեն» հանրաճանաչ վեպի էկրանավորումը, իրոք, կարելի է համարել ոչ դյուրին փորձություն, քանի որ մեծ էկրան «տեղափոխելու» առումով այն բավականաչափ բարդ է։ Վեպի հերոսուհին ընթերցում է իր նախկին ամուսնու՝ Էդվարդի վեպը՝ տրվելով հուշերին ու իրենց հարաբերությունների վերարժևորմանը, և «վեպ վեպի մեջ» կառուցվածքը Ֆորդը մատուցել է «ֆիլմ ֆիլմի մեջ» տարբերակով։ Ֆորդին հաջողվել է ներդաշնակորեն համադրել անցյալի և ներկայի իրական ու մտացածին տեսարանները, հոգեբանական ու ենթագիտակցական ապրումները։
Ջեյք Ջիլենհոլը մարմնավորել է երկու կերպար՝ վեպի հերոս Թոնիին և վեպի հեղինակ Էդվարդին։ Նրա՝ կերպարանափոխություններով լի դերակատարումն արդեն իսկ արժանացել է հիացական գնահատականների։ Վենետիկի կինոփառատոնում «Գիշերային կենդանիները» ֆիլմը ստացել է ժյուրիի Գրան-պրի մրցանակ։