լուսանկարում՝ Վալերիո Ձուրլինին, պրոդյուսեր Գոֆրեդո Լոմբարդոն և Անդրեյ Տարկովսկին Վենետիկի կինոփառատոնում, 1962թ
1962թ-ին Վենետիկի 23-րդ կինոփառատոնի նշանավոր «Ոսկե առյուծը» գտավ միանգամից երկու հասցեատեր՝ շնորհվելով իտալացի 36-ամյա ռեժիսոր Վալերիո Ձուրլինիին և 30-ամյա Անդրեյ Տարկովսկուն։ Նրանք գրեթե հասակակիցներ էին, և նրանց կյանքն էլ գրեթե նույն տևողությունն ունեցավ։ 1986-ին ընդհատվեց 54-ամյա Տարկովսկու կյանքը, իսկ 1982-ին ինքնասպան եղավ 56-ամյա Ձուրլինին։ «Ընտանեկան քրոնիկան»՝ Մարչելո Մաստրոյանիի գլխավոր դերակատարմամբ, տաղանդավոր և արդեն ճանաչման արժանացած Ձուրլինիի վեցերորդ ֆիլմն էր, իսկ հանրահայտ «Իվանի մանկությունը» Տարկովսկու առաջին լիամետրաժ կինոստեղծագործությունն էր՝ մի քանի կարճամետրաժ ֆիլմերից հետո։ Նրա մյուս անկրկնելի ֆիլմերը դեռ նոր պիտի ստեղծվեին, և Վենետիկի կինոփառատոնը առաջինն ազդարարեց այն մասին, որ կինեմատոգրաֆ է մուտք գործել մի բացառիկ երևույթ։ Առջևում են Ձուրլինիի «Թաթարական անապատը», Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյովը», «Ստալկերը», «Հայելին»․․․ Առջևում է ստեղծագործական կյանքի ևս մի քանի տասնամյակ՝ ձեռքբերումներով ու հիասթափություններով, հաղթանակներով ու չհասկացվածությամբ, վերելքներով ու միայնությամբ լի։