Այս տարի Վուդի Ալենը գերազանցել է արդյունավետ ստեղծագործական աշխատանքի բոլոր ռեկորդները․ նա 2016-ին արդեն երրորդ ֆիլմն է նկարահանում՝ պատրաստվելով հաջորդ տարի այն ներկայացնել հանդիսատեսին։
Տարեսկզբին օսկարակիր ռեժիսոր Վուդի Ալենը ներկայացրեց իր «Աշխարհիկ կյանք» ֆիլմը, այնուհետև նկարահանեց իր առաջին բազմասերիանոց հեռուստաֆիլմը՝ «Ճգնաժամ՝ վեց գործողությամբ» վերնագրով, այժմ էլ զբաղված է իր նոր կինոնախագծի նկարահանման աշխատանքներով։ Ֆիլմի անվանումն ու սյուժեն ռեժիսորն առայժմ գաղտնի է պահում, ինչը բնորոշ է նրան։ Սակայն սակավաթիվ տեղեկությունները և լուսանկարները, որոնք սողոսկել են համացանց, արդեն իսկ առաջացրել են մեծ հետաքրքրություն կինոսերների շրջանում։
Ալենն իր նոր ֆիլմում նկարահանվելու համար հրավիրել է տպավորիչ դերասանական կազմ՝ Քեյթ Ուինսլեթին, Ջեյմս Բելուշիին, Ջունո Թեմփլին, Թոնի Սիրիկոյին, այժմ էլ հայտնի է դարձել, որ վերջիններիս միացել է նաև Ջասթին Թիմբերլեյքը։ Ալենը ֆիլմը նկարահանում է իր իսկ հեղինակած սցենարի հիման վրա, 25 մլն դոլար բյուջեով։ Կինոնախագծի պրոդյուսերներն են Ալենի վաղեմի և հավատարիմ գործընկերներ Լեթի Արոնսոնը («Վերլուծելով Հարիին», «Կեսգիշերը Փարիզում», «Մաթչ Փոինթ»), Սթիվեն Թենենբաումը («Աշխարհիկ կյանք», «Վիկի Քրիստինա Բարսելոնա», «Իռացիոնալ մարդը»), Էդվարդ Ուոլսոնը («Լուսնի լույսի մոգականությունը», «Ժասմին»)։
Իրադարձությունները կատարվում են 1950-ականների Նյու Յորքում՝ Ալենի սիրելի քաղաքում և սիրելի ժամանակաշրջանում։ Նա հաճախ է հայացք նետում դեպի անցյալ՝ իր ֆիլմերի միջոցով ասես փորձելով բուժել կարոտախտը հին ու բարի ժամանակների հանդեպ, երբ այլ էր կինոն և այլ էին մարդիկ։