Այս տարի լեհական և համաշխարհային կինոն կրեց արդեն երկրորդ ծանր կորուստը։ Փետրվարին 75 տարեկան հասակում վախճանվեց անվանի կինոռեժիսոր Անջեյ Ժուլավսկին, իսկ երեկ կյանքից հեռացավ 90-ամյա Անջեյ Վայդան՝ մեծ կինոյի վերջին լեգենդներից մեկը․․․
Սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ լեհական կինոինստիտուտի հանձնաժողովն «Օսկարի» մրցանակաբաշխությանը որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ մասնակցելու համար առաջադրել է Անջեյ Վայդայի «Հետպատկերներ» («Մտապատկերներ») կենսագրական կինոդրաման։ Նշանավոր ռեժիսորը, ով 2000թ-ին արժանացել էր «պատվավոր Օսկարի», ինչպես նաև բազմաթիվ մրցանակների Կաննի, Վենետիկի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոներում, կյանքից հեռացավ հոկտեմբերի 9-ին՝ համաշխարհային կինոհանրությանը հիշատակ թողնելով իր անմոռանալի ֆիլմերը։ Նրա վախճանը կարելի է բնորոշել որպես մի ողջ դարաշրջանի խորհրդանշական ավարտը կինեմատոգրաֆում։
![]() |
Ռոման Պոլանսկի, Անջեյ Վայդա, Ժերար Դեպարդիե, 1980թ |
Իր վերջին հարցազրույցում Վայդան նշել է, թե ստեղծել է մի ֆիլմ, որն իշխանություններին կոչ է անում՝ երբեք չուղղորդել արվեստը, քանզի այն վեր է քաղաքականությունից, օրենքից և պարզունակ պայմանականություններից։ «Մոխիր և ալմաստ», «Ջրանցք», «Դևերը», «Սիբիրյան լեդի Մակբեթը» և այլ ֆիլմերի հեղինակ Անջեյ Վայդան իր սեփական կինոարվեստը արարում էր հենց այդ սկզբունքով։
շապիկի լուսանկարը՝ Վոյտեկ Լասկի