Ռեժ․՝ Անրի-Ժորժ Կլուզո, 1956թ
Ֆրանսիական դասական կինոյի մեծ վարպետ Անրի-Ժորժ Կլուզոն Պաբլո Պիկասոյի մտերիմ ընկերն էր։ Շուրջ քսանամյա ընկերությունից հետո, 1956թ-ին, Կլուզոն որոշեց վավերագրական ֆիլմ նկարահանել լեգենդար նկարչի մասին, սակայն ոչ թե «սովորական» ֆիլմ, այլ մի բացառիկ նյութ, որը Պիկասոյին կբացահայտեր հենց ստեղծագործելու, արարելու պահին։ Կլուզոյին հաջողվեց իրագործել իր մտահղացումը։ Ֆիլմը հավերժացրել է Պիկասոյի բոլոր վրձնահարվածները, կտավի ստեղծման գրեթե միստիկական պահերը։
«Պիկասոյի գաղտնիքը» յուրահատուկ է նաև իր ստեղծագործական կազմով․ ֆիլմի երաժշտության հեղինակը 20-րդ դարի ամենաճանաչված կոմպոզիտորներից մեկն է՝ Ժորժ Օրիկը, իսկ օպերատորը ֆրանսիական կինոյի լեգենդ Ժան Ռենուարի եղբայր Կլոդ Ռենուարն է։ Կլուզոյի այս կինոստեղծագործությունը Կաննի կինոփառատոնում արժանացել է հատուկ մրցանակի։