«Որքան ժամանակ կկորցներ արծիվը, եթե հանկարծ որոշեր սովորել ագռավի մոտ»: «Մեռյալը», ռեժ.` Ջիմ Ջարմուշ

ռեժիսոր՝ Ջիմ Ջարմուշ
սցենարի հեղինակ՝ Ջիմ Ջարմուշ
օպերատոր՝ Ռոբի Մյուլեր
կոմպոզիտոր` Նիլ Յանգ
դերերում՝ Ջոնի Դեփ, Գերի Ֆարմեր, Քրիսփին Գլովեր, Լենս Հենրիկսեն, Ջոն Հյորտ, Ռոբերտ Միթչեմ, Իգգի Փոպ, Գեբրիել Բյորն
արտադրությունը՝ ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, 1995թ
տևողությունը՝ 2ժ 1ր
«Ջարմուշի «Մեռյալը» ֆիլմն սկսվում է այնտեղից, ուր ավարտվում է Կաֆկայի «Ամերիկա» վեպը․ երիտասարդ ու անմեղ հերոսը սլանում է խորհրդավոր, անծայրածիր Արևմուտքով, սակայն շուտով ֆիլմը մեզ վերադարձնում է կաֆկայական կեղծ հասարակությանը՝ Բլեյքին նետելով դեպի չարագուշակ աբսուրդի արքայություն»: Ջիմ Հոբերման, ամերիկացի կինոքննադատ
Ծնողների մահվանից հետո երիտասարդ հաշվապահ Ուիլյամ Բլեյքը աշխատանք գտնելու ակնկալիքով ժամանում է Վայրի Արևմուտք, որտեղ ակամա հայտնվում է արկածների կիզակետում, և նրան սպանելու համար նույնիսկ խոստանում են դրամական պարգև։ Բլեյքին խնամում է մի հավատարիմ հնդկացի, ով համոզված է, թե նա իր սիրելի նույնանուն բանաստեղծն է։ Նրա կողքին Բլեյքը, լինելով ծանր վիրավոր, հանկարծ վերափոխվում է՝ ոչնչացնելով իր բոլոր թշնամիներին և, ի վերջո, գտնելով այն հանգրվանը, որտեղ գալիս և որտեղից գնում են բոլոր ոգիները․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի հերոսներից շատերի անուններն ու ռեպլիկները վերցված են անգլիացի բանաստեղծ և նկարիչ Ուիլյամ Բլեյքի ստեղծագործություններից, իսկ գլխավոր հերոսը կրում է հենց Ուիլյամ Բլեյք անունը:
- Օվկիանոսի ափին տեղաբաշխված հնդկացիական գյուղը, ուր Ոչ ոքը բերում է Ուիլյամ Բլեյքին, կառուցվել է հատուկ նկարահանումների համար` պատմական իրողություններին լիովին համապատասխան:
- Եվրոպական կինոակադեմիայի «Ֆելիքս» մրցանակ` լավագույն ոչ եվրոպական ֆիլմի համար: